Պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում միջադեպերի հետաքննության և կանխման մեխանիզմներ ստեղծելու՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, պահանջելով, որ նախ Ղարաբաղից ու հարակից տարածքներից դուրս բերվեն հայկական ուժերը: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյաովը, ընդգծելով, որ հայկական զորքերի դուրսբերման հարցը մշտապես բանակցությունների օրակարգում է:
«Ավելին, երբ պատրաստվում է այս խնդրին վերաբերող որևէ փաստաթուղթ, ապա այդ հարցը դառնում է դրա գլխավոր պայմաններից մեկը: Խնդիրը կրակոցների հետաքննության մեջ չէ։ Պետք չէ՛ ամրագրել ներկայիս կարգավիճակը, պետք չէ՛ ամրագրել այն վիճակը, երբ երկու կողմից միմյանցից 30 մետր հեռավորությամբ զինվորներ են նստած ու իրար են նայում։ Այլ պետք է ընդհանրապես հանել զորքերը։ Ուզում եք հետաքննության մեխանի՞զմ ստեղծել, խնդրեմ՝ հանեք զորքերը, և ոչ թե մեկ, այլ մի քանի մեխանիզմ, անգամ՝ տրիբունալ կստեղծենք, որը կպարզի, թե ով ում վրա է կրակում։ Բայց, այսօրվա դրությամբ, հայկական զինուժի ներկայությունը անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»,- ասաց Մամեդյարովը։
Այդուհանդերձ, Ադրբեջանի արտգործնախարարը չի կարծում, թե գործընթացը փակուղում է, սակայն ընդգծում է՝ փոխադարձ վստահության ամրապնդմանը խոչընդոտում է գրավյալ տարածքներում հայկական զինուժի առկայությունը։ «Երբ մենք խոսում ենք փոխադարձ վստահության ամրապնդման մասին, այստեղ իհարկե ամենակարևոր խնդիրն, առաջին հերթին, հայկական զորքերի ներկայությունն է գրավյալ տարածքներում։ Ինչո՞ւ՝ որովհետև երբ մենք խոսում ենք կարգավորման բարենպաստ մթնոլորտի ձևավորման մասին, ապա խրամատներում զինվորների ներկայությունը լուրջ արգելքներ է հարուցում այդ մթնոլորտի ձևավորման ճանապարհին: Եվ այս համատեքստում Հայաստանի համաձայնությունը՝ հանել զորքերը գրավյալ տարածքներից, կարող է ստեղծել շփման միանգամայն այլ մթնոլորտ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- շարունակեց Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Էլմար Մամեդյարովը Թբիլիսի էր ժամանել՝ մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հավաքին, որից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդեց, թե իբր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչ-որ առաջարկ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ավելին, ըստ պաշտոնական Բաքվի՝ այդ առաջարկով նախատեսվում է «կենտրոնանալ հայկական զինված ուժերի դուրսբերման, տեղահանված անձանց վերադարձի և ԼՂ-ի հայկական ու ադրբեջանական համայնքների միջև շփումների հաստատման վրա»։ «Ազատության» հետ զրույցում ևս Մամեդյարովը նշեց, թե Լավրովը Երևանում քննարկել է հակամարտության կարգավորման հարցը, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց:
«Համանախագահները վերջերս տարածաշրջանում էին, այժմ մենք քննարկում ենք նախագահների մակարդակով հանդիպումը։ Այո, դժբախտաբար, առաջնթաց չկա, սակայն, այսպես ասեմ՝ խնդիրը տեղից շարժելու առումով ստեղծագործական մոտեցում կա։ Չեմ կարող ասել, որ այն հայկական կողմից 100 տոկոսով, կամ գոնե 50 տոկոսով դրականորեն է ընկալվում, բայց, համենայնդեպս, օրինակ Սերգեյ Լավրովի վերջին այցը Երևան նույնպես ցույց տվեց, որ այցի նպատակներից մեկն էլ հենց հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր: Այդ մասին Լավրովն ինձ տեղեկացրեց նաև Անթալիայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում»,- ասաց Մամեդյարովը:
Հայաստանի արտգործնախարարությունը ադրբեջանական կողմի պնդումների վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան մեջբերել էր Թբիլիսիում տեղի ունեցած հավաքին ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի ելույթը: Հայաստանի ատգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է. - «Այն, ինչ ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին։ Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»: