Մատչելիության հղումներ

Թուրքերը մտադիր չեն ներողություն խնդրել ռուսներից


Ռուսաստանցիները պաշտպանության նախարարության շենքի մոտ հարգանքի տուրք են մատուցում Սիրիայում զոհված օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի և դեսանտային, նավաստի Ալեքսանդր Պոզինիչի հիշատակին, Մոսկվա, 26-ը նոյեմբերի, 2015թ.
Ռուսաստանցիները պաշտպանության նախարարության շենքի մոտ հարգանքի տուրք են մատուցում Սիրիայում զոհված օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի և դեսանտային, նավաստի Ալեքսանդր Պոզինիչի հիշատակին, Մոսկվա, 26-ը նոյեմբերի, 2015թ.

Թուրքիան ներողություն չի հայցելու Ռուսաստանից թուրք-սիրիական սահմանի շրջանում ռուսական Սու-24 օդանավը վայր գցելու համար։ Այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե «ներողություն պետք է խնդրի այն կողմը, որը խախտել է Թուրքիայի օդային սահմանը»։

«Մենք անմիջապես արձագանքում ենք մեր սահմանների խախտումներին՝ ղեկավարվելով այն հստակ ընթացակարգով, որի մասին ռուսներին մի քանի անգամ տեղեկացրել ենք, բոլորը պետք է գիտակցեն` զինվորականների ցանկացած արձագանք բխում է հստակ սահմանված հրահանգներից, անցյալում արդեն եղել է նման չորս միջադեպ»,- ասել է Էրդողանը։

Նրա փոխանցմամբ, թուրք օդաչուները ընդամենը կատարել են իրենց պարտքը։ Ավելին, Թուրքիայի ղեկավարը զգուշացրել է, որ ապագայում էլ օդային սահմանի հնարավոր խախտումների դեպքում բանակը կարձագանքի ճիշտ այնպես, ինչպես նոյեմբերի 24-ին, երբ Ֆ-16 տեսակի երկու օդանավեր հետապնդել են Սու-24 տեսակի երկու օդանավ և ոչնչացրել դրանցից մեկը։

Միաժամանակ, Էրդողանը հավաստիացրել է, թե Անկարայի դիրքորոշումը բնավ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Նա քննադատել է Ռուսաստանի ղեկավարներին Թուրքիայի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։

«Հիմա մեզ սպառնում են, ասում են, թե ինչ-որ համատեղ տնտեսական ծրագրեր չեղյալ կհայտարարեն, հարաբերությունները կսառեցնեն, արդյոք դա հարի՞ր է քաղաքական գործիչներին։ Նախ քաղաքական գործիչներն ու զինվորականների պատվիրակությունները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն վիճակը, վերլուծեն սխալները, զգացական հայտարարություններ անելը տեղին չէ»,- ասել է Էրդողանը։

Ներողություն խնդրելու տարբերակը մերժել է նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ասելով, թե Անկարան չի կարող ներողություն խնդրել մի իրավիճակում, որտեղ իր դիրքն արդար է։

Միաժամանակ, նախարարն ասել է, թե թուրքական կողմը ցավակցություն է հայտնել ռուսներին տեղի ունեցած միջադեպի առիթով։

Ռուսական կողմը պնդում է, որ Սու-24-ը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Երկու զինծառայողից կազմված անձնակազմը` հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովը և շտուրման, կապիտան Կոնստանտին Մուրախտինը խոցված օդանավից դուրս են նետվել և պարաշյուտներով իջել են, սակայն գնդակոծվել են երկրից։

Փոխգնդապետ Պեշկովը զոհվել է, շտուրման Մուրախտինը փրկվել է և գտնվում է ռուսական ռազմակայանի հոսպիտալում։ Օդաչուներին փրկելու գործողության ընթացքում զոհվել է նաև դեսանտային նավաստի Ալեքսանդր Պոզինիչը։

Չորեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը Սու 24-ի հրամանատար Պեշկովին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Շտուրման Մուրախտինին շնորհվել է Արիության շքանշան, այն շնորհվել է նաև դեսանտային Պոզինիչին` հետմահու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG