Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական օդանավը խոցվել է թուրքական օդուժի F-16 կործանիչի կողմից, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Թուրքական ինքնաթիռի կողմից մեր օդանավի անձնակազմի հետ կապ հաստատելու ոչ մի փորձ օբյեկտիվ դիտարկման միջոցների կողմից չի արձանագրվել», - հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:
Պենտագոնի խոսնակ Սթիվ Ուորենը, մինչդեռ, հակառակն է ասել՝ հաստատելով թուրքական կողմի պնդումները, թե ռուսական ինքնաթիռի անձնակազմը 10 անգամ զգուշացվել է: «Մենք ամեն ինչ լսել ենք, հաղորդակցությունը բաց ալիքներով էր ընթանում», - նշել է Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության խոսնակը: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ակնհայտ չէ, թե թուրք-սիրիական սահմանի որ կողմում է տեղի ունեցել միջադեպը:
Ռուսական խոցված ինքնաթիռի երկու օդաչուներից մեկը սպանվել է, երկրորդի ճակատագիրն առայժմ անհայտ է: Ռուսական կողմը հաղորդում է Սիրիայում իր ևս մեկ զոհի մասին՝ պայմանագրային զինծառայող ծովային հետևակայինը եղել է կործանված Су-24-ի օդաչուներին որոնելու մեկնած երկու ուղղաթիռներից մեկում, որը հրազենից գնդակոծության է ենթարկվել ու հարկադիր վայրէջք կատարել: Որոնողա-փրկարարական խմբի անդամները և ուղղաթիռի անձնակազմը տարհանվել են ու տեղափոխվել «Հմեյմին» ռազմաբազա: «Բանդիտական կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից ականանետային կրակոցով ուղղաթիռը ոչնչացվել է», - ասել է Սերգեյ Ռուդսկոյը: