Ղազախստանը պատրաստվում է գալիք ամիս Եվրամիության հետ ստորագրել ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիր: Երեկ Աստանայում նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի վարչապետ Քարիմ Մասիմովը:
Նա ընդգծել է, որ Ղազախստանը հակված է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:
«Մեր երկրի ղեկավարը՝ նախագահ Նորսուլթան Նազարբաևը, խրախուսում է բազմակողմ և խաղաղ քաղաքականությունը՝ աշխարհի տարբեր երկրների հետ լավ հարաբերությունների պահպանման համար», - ասել է վարչապետը և մանրամասնել, որ այդ մտադրությունը վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին, Եվրամիությանը:
Եվրամիությունը շահագրգռված է սերտացնել հարաբերությունները Ղազախստանի հետ, որը հայտնի է որպես Միջին Ասիայում և Եվրասիական տնտեսական միությունում առավել զարգացած տնտեսություն ունեցող երկիր: Վերջին մի քանի տարիներին Աստանան և Բրյուսելը քննարկում են համագործակցության բարելավման հնարավորությունները:
Ղազախստանի և Եվրամիության միջև նոր փաստաթղթի ստորագրումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների կարգավորում, այդ թվում՝ էներգետիկայի, սննդի ապահովության ոլորտներում, բացի այդ՝ սերտ հարաբերություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների, Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում:
Վերլուծաբանները նկատում են, որ Եվրամիության և Ղազախստանի ստորագրելիք փաստաթուղթը կարող է հանգեցնել առավել սերտ հարաբերությունների, քան ներկայումս Բրյուսելն ունի Մոսկվայի հետ:
Երեկ տեղի ունեցավ մեկ այլ ուշագրավ իրադարձություն ևս: Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Դյուրան Աբաևը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում չկա Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի համար միության շրջանակում ընդհանուր արժույթի սահմանման հարց:
Շաբաթասկզբին, մինչդեռ, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ասել էր, թե մեկնարկել է միասնական արժույթի հարցի քննարկումները սկսելու գործընթացը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին հայտարարել էր, թե ժամանակն է սկսել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության ներսում ընդհանուր արժույթի հարցով: Իսկ Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարարն ապրիլին հրապարակավ հայտարարել էր, որ այդ գաղափարը Աստանայի համար անընդունելի է: