Մատչելիության հղումներ

Մինասի որմնանկարի վերականգնումը ձգձգվում է


«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:
«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ՝ նկարչի որդի Արման Ավետիսյանի խոսքով՝ ինքն ակամայից հայտնվել է «նախկին ու ներկա քաղաքապետերի արանքում»:

Մի քանի տարի առաջ Գյումրիի քաղաքապետարանի շենք տեղափոխված Մինաս Ավետիսյանի որմնանկարը չի վերականգնվում՝ Գյումրիի քաղաքապետարան - «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի միջև ֆինանսական անհամաձայնության պատճառով:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր դիմեց Գյումրի ժամանած Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին․ - «Խնդրում եմ հանձնարարեց, որ գան, վերականգնեն»:

Մինաս Ավետիսյանի որմնանկարի շուրջ ֆինանսական խնդիրը Բալասանյանը ժառանգել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից՝ բազմիցս հայտարարելով, որ համաձայն չէ որմնանկարի վերականգնման համար վճարել այնքան, որքան պահանջում է «Մինաս Ավետիսյան հիմնադրամ»-ը:

Հիմնադրամի նախագահ՝ նկարչի որդի Արման Ավետիսյանի խոսքով՝ ինքն ակամայից հայտնվել է «նախկին ու ներկա քաղաքապետերի արանքում»․ - «Մենք չենք կարողանում պարոն քաղաքապետի հետ փոխհամաձայնության գալ․․․ որովհետև կա հավելվածներ, որոնք պայմանագրի մաս են հանդիսանում՝ ըստ մեզ: Իսկ ըստ քաղաքապետարանի՝ ոչ: Եվ այնտեղ կա իտալական մնացած գումար, որը մենք նյութեր էինք ներկրել երկիր և պարտք ենք մնացել իտալական կողմին: Կփորձենք առաջին իսկ հնարավորության դեպքում այդ գումարը, եթե ստանանք, ուղարկենք Իտալիա․․․ Մոտավորապես 11 միլիոն դրամի մասին է խոսքը»:

Տարաձայնություններից ամենաէականը վերաբերում է Գյումրիի նախկին քաղաքապետին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցից ստացած հաշվին, որտեղ իջևանել էին իտալացի մասնագետները: Նոր քաղաքապետի աշխատակազմը չի վճարում հաշվում նշված 3 մլն դրամը՝ ուռճացված համարելով այն:

Արման Ավետիսյանի խոսքով՝ հիմնադրամը որևէ կապ չունի իտալացիների հյուրանոցային ծախսերի հետ․ - «Որտեղ ուղարկեցին, իտալական խումբն այնտեղ էլ գնաց: Դա հենց այն ժամանակվա քաղաքապետարանի իրավասության մեջ էր մտնում՝ պայմանագրի համաձայն»:

Ամեն դեպքում, այս պահին դեռևս անորոշ է, թե երբ կսկսվի Գյումրիի քաղաքապետարանի շենք տեղափոխված որմնանկարի վերականգնումը:

1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում 21 որմնանկար էր վնասվել: Հետագա տարիների ընթացքում դրանք քայքայվել ու ոչնչացման վտանգի տակ էին հայտնվել: Մի քանի տարի առաջ իտալացի մասնագետների օգնությամբ հնարավոր եղավ վերականգնել, մասնավորապես, Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մի քանիսը: Դրանցից մեկը հանգրվանեց Կառավարության շենքում, մյուսը՝ «Զվարթնոց» օդանավակայանում:

XS
SM
MD
LG