Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների իրավունքների համար բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեղադրանքով դատապարտված Ավետիսյանի բազմանդամ ընտանիքի ու ընկերների համար հանձնաժողովի որոշումն անակնկալ չէր։ Վերջին ամիսներին վաղաժամ ազատ արձակման դիմումը արդեն երկրորդ անգամ է մերժվում։
Ավետիսյանի կնոջ՝ Մարգարիտա Բաղրամյանի համար, սակայն, անսպասելի էր ամուսնու՝ հացադուլ սկսելու որոշումը:
«Մի քանի ժամ առաջ զանգեց քաղաքային հեռախոսով, հայտնեց, որ դիմումը մերժվել է վաղաժամ ազատման, ինքն էլ դիմում է գրել, որ նստի անժամկետ հացադուլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարիտան:
Սոցիալական ծանր պայմաններում ապրող բազմանդամ ընտանիքի մայրը համոզված է, որ ազատության մեջ հայտնվելով Ավետիսյանն իր շուրջը կհամախմբի ազատամարտիկներին՝ նոր թափ հաղորդելով տարիներ առաջ սկսած պայքարին․ - «Վախենում են ազատամարտիկներից, որ կրկին կշարունակեն իրենց պայքարը: Իշխանությունները վախենում են իրենից, դրա համար ազատ չեն արձակում»:
Վոլոդյա Ավետիսյանը բանտից միացել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած Հիմնադիր խորհրդարանին (ՀԽ):
ՀԽ-ի անդամ, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության համակարգող Գագիկ Սարուխանյանն ասում է, որ կզարմանար, եթե հանձնաժողովը ներքաղաքական այս իրավիճակում ազատ արձակեր ընդդիմադիր իր ընկերոջը․ - «Համապետական մեծ գործողություն կա Հայաստանում՝ սահմանադրական չարեփոխումները, և էս շրջանում Վոլոդյայի նման անհատին ազատ արձակելը կնշանակեր ուժեղացնել ընդդիմադիր շարքերը»:
Ավետիսյանի ընկերները շինծու են համարում նրա դեմ հարուցված գործը: Նրանք համոզված են, որ ազատամարտիկը ճաղերի հետևում է հայտնվել իշխանությանը դեմ դուրս գալու համար:
Հարազատներն ու ընկերները հորդորում են Ավետիսյանին դադարեցնել հացադուլը:
«Կոչ կանեի իմ ընկերոջը դուրս գալ հացադուլից․․․ Այն աստիճանի փտած է այս երկիրը, որ մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքը ինչ է անում․․․ Գլխավոր իրենց հրամանատարից հրահանգ ունեն պահելու էս մարդուն, պահում են: Թե ինչ պարտվակի տակ են պահում՝ ոչ մի իրավաբանական զննության չի դիմանա: Երկրում տիրում է բացարձակ իրավական տեռորի մթնոլորտ», - ասաց Սարուխանյանը:
Վոլոդյա Ավետիսյանն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա շահերը ներկայացնող փաստաբան Արա Զաքարյանը, Ավետիսյանի հացադուլի լուրը ստանալուց հետո, այսօր եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Արդարադատության նախարարության փոխանցմամբ, նախարար Արփինե Հովհաննիսյանը քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպելու հանձնարարական է տվել: