Մատչելիության հղումներ

Մթերված խաղողի դիմաց «խոստանում են վճարել մեկ տարվա ընթացքում»


Հավաքած խաղողը մեծ դժվարությամբ իրացրած գյուղացիները այժմ էլ գումարը ստանալու հարցով են մտահոգ։

Լավագույն դեպքում մեկ տարվա ընթացքում վճարելու խոստումներ են լսել, թեև դրանք էլ թղթի վրա դեռ չեն ամրագրվել։

«Գործարաններ կան, որ դաժե ասել են մինչև 18 թիվը․․․ էնքան որ մարդիկ նեղն են էղել, դատարկել են: Արենու գինու գործարանը․․․ եթե ուզում եք, բերեք դատարկեք, էրկու տարուց փողը կտանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց խաղողագործ մի գյուղացի:

Խաղող վերամշակող ընկերությունները իրենց հերթին սպասում են կառավարության խոստացած արտոնյալ վարկերին, որպեսզի կարողանան մարել գյուղացիներին ունեցած պարտքերը։ Գետափի գինու գործարանի աշխատակից Անուշավան Մովսիսյանը վստահեցնում է, որ գյուղացիները գումարը կստանան․ - «Եթե պետականորեն խոստացել են վարկեր տրամադրել ու խաղողի փողերը տալ, ուրեմն այդպես էլ կլինի»:

Կառավարության հիմնադրած վարկային կազմակերպությունից հրաժարվեցին հայտնել, թե որ ընկերություններն են ստացել մինչև 12.5 տոկոսանոց վարկը: «Առևտրային գաղտնիք է», - «Ազատությանն» ասաց կազմակերպության տնօրեն Արթուր Բադալյանը՝ այդուհանդերձ հայտնելով, որ ընտրել են 8 կազմակերպություն, իսկ մյուս գործարանների մասով «քննարկումները շարունակում են»:

Հայ-ադրբեջանական սահմանին գործող Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևանյանը այս տարի 200 միլիոն դրամի պարտք է կուտակել: Որևէ վարկ չի ստացել, ուստի չի կարող հստակ նշել, թե երբ կվճարի գյուղացիներին․ - «Մի տարվա ընթացքում, տարիուկեսվա ընթացքում․․․ Նման պայմանավորվածություն է եղել ժողովրդի հետ, երբ խաղողը վերցրել ենք»:

Գործարարի համար անհասկանալի է հատկապես վարկ տրամադրելու մերժման պատճառը. ասել են, թե սահմանամերձ գոտում արտադրությունը ռիսկային են համարում․ - «Էդ ձեր համար ռիսկային ա, իմ համար ռիսկային չի՞, որ իմ էլած հացը սաղ ստեղ ա․․․ Բայց ինձ թվում ա՝ իշխանության խնդիրն ա՝ Երասխի գործարանը կաշխատի՞, թե՞ չի աշխատի: Սահմանի վրա եթե մի հատ հավաբուն էլ կա սարքած, էդ հավաբունը պետք է ինչ ուզում ա անեն: Եթե աղվեսներն էլ են խանգարում, աղվեսների դեմ էլ իշխանությունը պտի պայքարի, որ էդ հավաբունը լինի»:

Հակառակորդի դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գործող գինու գործարանն ամեն տարի մինչև 20-25 մեքենա գինի ու կոնյակ է արտահանել։ Ռազմիկ Թևանյանը կանխատեսում է., որ այս տարի այդ թիվն առնվազն 5 անգամ պակաս կլինի։

Ռուսական շուկան անհույս է դարձել։ Արդյունքում գործարարը մի քանի տարվա արտադրանք է կուտակել, սակայն շուկա դեռ չի գտել․ - «Ես ստիպված եմ ընդունել այդ խաղողը․․․ Մարդու բերքը մնում էր, փչանում էր»:

Գինեգործը դժգոհ է իր գործարանն արտոնյալ վարկային միջոցներից զրկելու համար, սակայն պնդում է՝ դա էլ ոլորտը չէր կարող կարգավորել։ Գյուղատնտեսության նկատմամբ, նրա խոսքով, ճիշտ մոտեցում է հարկավոր․ - «Կա՛մ առանց տոկոսի վարկավորում վերամշակող գործարաններին, կա՛մ էլ պետությունը էդ խաղողից ստացված գինին, սպիրտը պահում էր որպես պետական ռեզերվ՝ պետության հսկողության տակ»:

XS
SM
MD
LG