Նախօրեին Ադրբեջանի հինգերորդ գումարման Միլի մեջլիսի ընտրություններում, ինչպես և սպասվում էր, հաղթել է «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը, որը ստացել է 125 մանդատներից 70-ը:
Այս ցանկը հատկապես աչքի է ընկնում այն տասնյակ պատգամավորների անուններով, որոնք ադրբեջանական խորհրդարանում են դեռևս 1995 թվականից։
Առաջիկա հինգ տարում օրենսդիր մարմնում աթոռներ զբաղեցնելու համար պայքարում էին 676 թեկնածուներ:
2003 թվականին հորից ժառանգած «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակը անակնկալ չէր Իլհամ Ալիևի համար, քանի որ երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները ընտրություններից առաջ բոյկոտ էին հայտարարել՝ իշխող ընտանիքին մեղադրելով քննադատող ձայները ճնշելու և ընդդիմախոսներին ճաղերի ետև ուղարկելու մեջ:
Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր դաշինքը՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը 2013 թվականին առաջադրել էր նախագահական ընտրություններում Ալիևի հիմնական հակառակորդին, հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Երկրում չի իրագործվել պայմանների անգամ կեսը՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Այդ պատճառով մենք հրաժարվում ենք մասնակցել ընտրությունների այդ իմիտացիային», - ասված էր դաշինքի տարածած հայտարարությունում:
Մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը, նույնպես որոշում են ընդունել բոյկոտել ընտրությունները:
Ընտրություններ դիտարկող միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրաժարվել է ադրբեջանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց՝ պաշտոնական Բաքվի կողմից իր դիտորդների քանակը սահմանափակելու պատճառով: Այս կառույցին հետևելով՝ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը նույնպես հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան:
Ընտրություններն անցկացվել են օրենքի շրջանակներում, սակայն քաղբանտարկյալների հարցը շարունակում է մտահոգել մեզ, հայտարարում է ԵԽԽՎ-ի պատգամավորական պատվիրակության ղեկավարն՝ ամփոփելով ադրբեջանական ընտրությունների արդյունքները։ Դիտորդական առաքելության ղեկավար Խորդի Շուկլան համոզմունք է հայտնել, թե ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, ընտրական օրենսգրքի շրջանակներում։
Մինչդեռ այս գնահատականը, ըստ Ադրբեջանի ընդդիմության, հեռու է իրականությունից։ Ընդդիմադիր գործիչ Փանահ Հուսեյնը փաստում է, որ այն ընտրատեղամասում, որտեղ ինքն առաջադրվել է, տեղի են ունեցել զանգվածային խախտումներ։ Ըստ ընդդիմադիր գործչի, այդ ընտրատեղամասում ընտրողների թիվը պաշտոնապես 11 հազար է, մինչդեռ ընտրատեղամասի հանձնաժողովի տեղեկանքում նշված է 20 հազար 327։
Հակաժողովրդավարական, իշխանությունների վերահսկողության, մրցակցության և քարոզչության կոպիտ խախտումների պայմաններում անցկացված ընտրություններ, պնդում է ընտրությունները բոյկոտած ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը՝ հայտարարելով, թե չի ճանաչում ընտրակեղծիքների շնորհիվ Ալիևին հաղթանակ շնորհած ընտրությունների արդյունքները։ «Մուսավաթ»-ի նախագահ Արիֆ Հաջըլըն ասել է, որ փաստորեն ընտրություններն անցկացվել են առանց այլընտրանքի և հասարակության վստահության իսպառ բացակայության պայմաններում։
«Կուսակցությունը պահանջում է չեղյալ հայտարարել այդ ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ»,- հայտարարել է Հաջըլըն՝ հավելելով, որ իրենց ձեռքի տակ գտնվող զանգվածային ընտրախախտումների մասին վկայող ապացույցները պատրաստվում են ներկայացնել միջազգային դատական ատյաններ։
Ադրբեջանական ընտրությունների ընթացքում տեղ գտած որոշ խախտումների մասին վկայող տեսագրություններ այսօր հիթ են դարձել համացանցում։ Ամենադիտվող տեսանյութը թերևս Աստարինյան թիվ 77 ընտրատեղամասում նկարահանվածն է։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տեսախցիկը արձանագրել է զանգվածային լցոնման դեպք, որի հեղինակը ուշադրությունը շեղելու համար սկսել է բարձրաձայն մուղամ երգել։