Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է բոյկոտել խորհրդարանական ընտրությունները


«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլի, արխիվ
«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլի, արխիվ

Որպես ստեղծված կացության գլխավոր պատճառ ընդդիմությունը նշում է արհեստական խոչընդոտները քարոզարշավում։

Ադրբեջանում առաջիկա կիրակի օրը անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հաշվված օրեր առաջ ընդդիմությունը հայտարարում է դրանք բոյկոտելու կամ քվեարկության արդյունքները չճանաչելու մտադրության մասին: Վերջին երկու օրերին այդ մասին հայտարարեցին միանգամից երեք քաղաքական ուժեր` «Մուսավաթ» կուսակցությունը, NIDA և REAL շարժումները:

«Մենք հույս ունեինք, որ օգտագործելով քարոզարշավի ընձեռած հնարավորությունները՝ ի վիճակի կլինենք մարդկանց ներկայացնել մեր տեսակետները: Տպավորությունը, սակայն, այնպիսին է, որ ադրբեջանցի ընտրողներին Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների մասին ավելի շատ տեղեկատվություն է տրամադրվում, քան ադրբեջանական Միլի մեջլիսի ընտրությունների մասին», - հայտարարում է «Մուսավաթ»-ի ղեկավար Արիֆ Հաջիլին:

Ադրբեջանցի ընդդիմադիրը նաև նշում է, որ ստեղծված կացության գլխավոր պատճառները քարոզարշավի ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտներն են, ինչպես նաև թեկնածուների համար նախատեսված անվճար եթերաժամանակի բացակայությունը:

Նշենք, որ նոյեմբերի 1-ի ընտրություններում «Մուսավաթ» կուսակցությունը 75 թեկնածու էր առաջադրել, որոնցից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է միայն 24-ին:

Գրեթե նույն կացության մեջ է ընդդիմադիր NIDA շարժումը, որի կողմից առաջադրված 8 թեկնածուներից պաշտոնապես գրանցվեցին միայն երկուսը:

«Ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելով՝ մենք պատգամավորական մանդատներ ստանալու ցանկություն չունեինք: Մեր նպատակն էր օգտագործել 21 օր տևող քարոզարշավը` ընտրողների հետ ուղղակի կապն ամրապնդելու համար», - նշված է NIDA շարժման հայտարարության մեջ. - «Իշխանությունների պահվածքը, սակայն, վկայում է, որ ընտրություններն ավանդական ձևով են անցնելու: Իշխանությունները ցանկանում են կեղծիքների միջոցով հերթական սպասարկու խորհրդարանը ձևավորել, ուստի մենք հետ ենք կանչում մեր թեկնածուներին»։

Իսկ 10 ընտրատարածքներում գրանցված թեկնածուներ ունեցող մեկ այլ ընդդիմադիր ուժ`«Հանրապետական այլընտրանք»-ը` REAL-ը, երեկ հայտարարեց, որ չի ճանաչի առաջիկա ընտրությունների արդյունքները:

«Երկրում ընտրությունների ինստիտուտի ոչնչացման ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները», - նշված է ընդդիմադիր շարժման հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG