Վրաստանի արդարադատության նախարարությունը սկսում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ, այսօր հայտարարել է գերատեսչության ղեկավար Թեա Ծուլուկիանին:
«Ծառայությունների զարգացման գործակալությունում հոկտեմբերի 23-ին ստացվել է նոտա ուկրաիներեն լեզվով, համաձայն որի՝ Միխեիլ Սաակաշվիլին ստացել է ուկրաինական քաղաքացիություն, և այդ որոշումը այսօր ուժի մեջ է», - «Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ծուլուկիանին:
Այդ փաստաթղթի հիման վրա և Վրաստանի օրենսդրությանը համապատասխան՝ այսօր սկսվել է Սաակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ, ինչի մասին նա գրավոր կծանուցվի, հայտնել է նախարարը:
Վրաստանի օրենքով՝ երկրի քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում ավտոմատ կերպով զրկվում է վրացական քաղաքացիությունից, սակայն այդ դրույթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են իրավական և տեխնիկական ընթացակարգեր, իսկ վերջնական որոշումը ընդունում է Վրաստանի նախագահը:
Միխեիլ Սաակաշվիլին լքել է Վրաստանը երկու տարի առաջ՝ նոր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնամուտից հետո: Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան հեռակա մեղադրանքներ է առաջադրել մի քանի քրեական գործերով, ավելի ուշ Սաակաշվիլիի նկատմամբ երկրում հետախուզում է հայտարարվել:
Այս տարվա մայիսին Վրաստանի նախկին նախագահին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նշանակել է Օդեսայի նահանգապետ: Պաշտոնական Թբիլիսին ամիսներ առաջ էր դիմել Կիևին պարզելու՝ ստացել է արդյոք Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն: