Մատչելիության հղումներ

Վրաստանը Ուկրաինայից պատասխանի է սպասում Սաակաշվիլիի քաղաքացիության հարցով


Ուկրաինա - Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հուլիս, 2015թ․
Ուկրաինա - Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հուլիս, 2015թ․

Եթե հաստատվի, որ Օդեսայի նահանգապետը Ուկրաինայի քաղաքացի է, Թբիլիսին կնախաձեռնի նախկին նախագահին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթաց:

Թբիլիսին Կիևից պահանջում է պաշտոնապես հաստատել՝ Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին շնորհվել է արդյոք Ուկրաինայի քաղաքացիություն:

Վրաստանի արդարադատության նախարարությունը սպասում է պատասխանի: Եթե հաստատվի, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, ապա Թբիլիսին կնախաձեռնի երկրի նախկին նախագահին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթաց, հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Վրաստանի Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին չի կարող միաժամանակ այլ երկրի քաղաքացի լինել:

Այս տարվա մայիսին Օդեսայի նահագապետ նշանակված Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագրով այդ երկրի քաղաքացիություն է ստացել: Ուկրաինական լրատվամիջոցները թեև մեջբերում են Պորոշենկոյի համապատասխան հրամանագրի տեքստը, սակայն նախագահի պաշտոնական կայքէջում այն բացակայում է․ որոշ պնդումների համաձայն՝ ավելի ուշ ջնջվել է կայքից:

Ինքը Սաակաշվիլին չի հայտարարել նախկին քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Մի առիթով նա նշել է, որ իրեն վրացական անձնագրից զրկելը ներկայիս նախագահի իրավասության տիրույթում է: Սակայն նույնիսկ նախագահի որոշումը, Սաակաշվիլիի համոզմամբ, որոշիչ հանգամանք չի լինի․ - «Քանի որ այն պահին, երբ ես վերադառնամ Վրաստան, իսկ դա կարող է լինել ավելի շուտ, քան շատերին է թվում, ժողովուրդը կստիպի կարճել իմ դեմ հարուցված քրեական գործը և վերականգնել քաղաքացիությունս», - հայտարարել է նա և մատնանշել նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, ովքեր Վրաստանի քաղաքացի չէին մինչև Վրաստանում պաշտոնավարելը:

«Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացի չէր, երբ անցկացրեց նախընտրական քարոզարշավ և դարձավ ղեկավար: Այնպես որ, քաղաքացիությունը ոչ մեկի համար խոչընդոտ չի եղել, ինչո՞ւ պիտի ինձ համար դառնա խոչընդոտ», - ասել է Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Վրաստանի նախկին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG