Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ։ Այդ մասին երեկ երեկոյան Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո։
Ամերիկացի դիվանագետի խոսքով, ներկայումս հստակեցվում են նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները։
«Նախագահները պետք է ուղիներ փնտրեն հակամարտության համակողմանի կարգավորման համար, միևնույն ժամանակ քննարկեն շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները։ Այսօր իրավիճակը արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որը կար երկու տարի առաջ։ Առաջին անգամ մենք ականատեսը եղանք շփման գծում ծանր հրետանու կիրառման, ինչի արդյունքում քաղաքացիական անձինք զոհվեցին։ Լարվածությունն օր-օրի աճում է։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի նախագահները հանդիպման ժամանակ քննարկեն լարվածության աճը», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում հայտարարել է ամերիկացի համանախագահը։
Երևանում և Բաքվում ունեցած հանդիպումներն ամփոփելով, համանախագահ Ուորլիքը պատմել է, որ այդ բանակցությունների ընթացքում միջնորդները նախագահներին կոչ են արել իրենց ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստել։
«Այս հակամարտության կարգավորումը սկիզբ կդնի նոր ժամանակաշրջանի և մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի զարգացման համար։ Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հաջորդ սերունդների համար ապահովել կայուն ապագա։ Երկու ժողովուրդների միջև պետք է կապ հաստատվի, և նրանք պետք է սովորեն ապագայում կողք-կողքի ապրելուն», - համոզմունք է հայտնել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը՝ ընդգծելով, որ հասունացել է հակամարտության համակողմանի կարգավորման անհրաժեշտությունը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների անվտանգության։
«Ես հասկանում եմ Ադրբեջանի և Հայաստանի անհանգստությունը ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, որովհետև ավելի քան քսան տարի է այդ հակամարտությունը չի կարգավորվում», - ասել է Ուորլիքը։
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են հոկտեմբերի 26-ից։ Նրանք հայտարարել են, որ այս անգամ այցի նպատակը Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը նախապատրաստելն է։ Միջնորդների վերջին կանգառը Բաքուն էր։ Նախօրեին ավարտելով բանակցությունները նաև Ադրբեջանի իշխանությունների հետ՝ միջնորդները խոստացան հանդես գալ իրենց այցն ամփոփող հայտարարությամբ։