Տարածաշրջան այցի ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համախագահները քննարկել են նախագահների հանդիպման հնարավորությունը և հուսով են, որ այն կկայանա մինչև տարեվերջ: Այդ մասին այսօր Բաքվում ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` հավելելով, որ այցի արդյունքները միջնորդները կամփոփեն հայտարարությամբ:
«Մենք մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ տարաձայնություններ ունենք միջազգային հարցերի կապակցությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք միասնական ենք», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Պոպովը:
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող միավորումում հանդիպման ժամանակ ռուսաստանցի միջնորդը նշել է, թե «բոլոր համանախագահները հակվում են նրան, որ փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր»:
Պոպովը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխանաբար ցմահ ու 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի թեմային՝ ասելով, թե համանախագահները զբաղվում են նրանց հարցով, որը շատ բարդ է: