Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը կփորձի ներկայացուցիչներ ունենալ բոլոր ընտրատեղամասերում


«Ոչ»-ի ճակատի խորհրդարանական կուսակցությունները ընտրատեղամասերում միասնական ուժերով են պայքարելու կեղծիքների դեմ: «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հետ են բաշխելու՝ փորձելով ներկայացուցիչներ ունենալ հայաստանյան բոլոր՝ շուրջ 2000 տեղամասերում:

«Տեղամասերում իշխանությունը սովորաբար ապահովում է կեղծարարների գերակշիռ մեծամասնությունը։ Շատ կարևոր է, որ ամեն տեղամասում լինեն 2-3 մարդ, ովքեր համագործակցելով իրար հետ հնարավորինս նրանց ձեռքը կբռնեն»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանը վստահեցնում է՝ մարդկային ռեսուրսները բավարար են, նկատի ունի նաև պայքարին միացած հասարակական կազմակերպությունների դիտորդներին: Չեն բացառում հանձնաժողովներում համագործակցությունը «Օրինաց երկրի» հետ, եթե հավատան, որ Արթուր Բաղդասարյանի «ոչ»-ն անկեղծ է:

«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը կասկած չունի՝ իշխանությունները միայն կեղծիքների միջոցով կարող են հաջողել.- «650 հազար ձայն՝ դա ուղղակի հեքիաթային թիվ է Հայաստանի համար այսօր։ Նույնիսկ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսով, ընտրակաշառքով, միևնույն է՝ նախ պետք է «նկարեն», որ այդքան մարդ մասնակցել է, որ մի հատ էլ կեղծեն 650 հազար «այո»»։

«Ժառանգություն»-ը թեև միացել է «Ոչ»-ի ճակատին, այնուամենայնիվ, հիմնական պայքարը ծավալելու է տեղամասից դուրս՝ հրապարակում «Նոր Հայաստան» շարժման հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունում համոզված են՝ կեղծիքների մեքենան հնարավոր է կոտրել միայն արտահերթ լուծումներով։

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն չի հետաքրքրում «Հիմնադիր խորհրդարան»-ին. Ժիրայր Սեֆիլյանը, սակայն, դեմ չէ, որ ընդդիմադիր ճակատի դաշնակից «Ժառանգություն»-ը նաև ընտրական պայքարի մեջ մտնի։

«Այս քարոզչական հանգրվանը լիարժեք պետք է օգտագործենք, այսինքն մենք Սահմանադրության դեմ «ոչ» ասելու տրամաբանության մեջ ենք գործում, սակայն չենք բավարարվում միայն «ոչ» ասելով»,- հայտնեց Սեֆիլյանը։

Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 1-ից անհնազանդություններ են սկսելու՝ իշխանափոխությամբ տապալելու հանրաքվեն։ «Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից հետո երկրում իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, և այլևս մեկը 6-ի մասին չխոսի»,- ասաց Սեֆիլյանը։

«Նոր Հայաստան»-ին չմիացած ՀԱԿ-ն այս սցենարում միայն մարտավարական խնդիրներ է տեսնում, բայց Լևոն Զուրաբյանն էլ է ասում՝ ընտրակեղծիքները կանխելու միակ երաշխիքը ժողովրդի ըմբոստություն է։

«Փողոցը, հրապարակը եռում է, երբ երկրում ստեղծված է անհանդուրժողականության մթնոլորտ օրինախախտումների նկատմամբ, դա նշանակում է առաջին հերթին կեղծարարների դեմորալիզացիա։ Իհարկե, մենք կուզեինք այդ վիճակին հասնել»,- ասաց Զուրաբյանը։

XS
SM
MD
LG