Առավոտից տեղացող անձրևը «Ոտքի’, Հայաստան» նախաձեռնության ծրագրերը չփոխեց:
«Խոսքը գնում է երկրի համար կարևորագույն հարցերի մասին, և, բնականաբար, եղանակային պայմանները խանգարում են, բայց խոչընդոտ չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը։
Խորհրդարանի առջև մեկնարկած չորսօրյա նստացույցի մասնակիցները պատգամավորներից պահանջում են քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Նախ, սակայն, Անդրիաս Ղուկասյանը ցանկանում է Ազգային ժողովի ղեկավարությանը հանդիպել` աշխատակազմի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին։
«Մենք ունենք յոթուկես հազար քաղաքացիների ստորագրություններ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի տակ։ Եվ գտնում ենք, որ աշխատակազմի ղեկավարը նման իրավիճակում պարտավոր է անձամբ ընդունել այդ ստորագրաթերթիկները։ Եվ պահանջելու ենք, որ կազմակերպի հանդիպում Գալուստ Սահակյանի, խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների և քաղաքացիների միջև», - ասաց Ղուկասյանը։
Խորհրդարանից, սակայն, ցուցարարներին փոխանցեցին, որ հանդիպել պատրաստ են միայն հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները:
«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությանն այս պատասխանը չի գոհացնում, քառօրյային զուգահեռ շուրջօրյա ակցիաներ են անելու Բաղրամյան պողոտայում։
«Անձամբ Հրայր Թովմասյանը, որպես մասնակից մասնագիտական հանձնաժողովի, իր ստորագրությունը դրել է այդ հայեցակարգի եզրակացությունների տակ, որտեղ ասվում են, որ Սահմանադրության մի շարք հոդվածներ Հայաստանում կրում են կարգախոսային, այսինքն՝ դեկլարատիվ բնույթ», - ասաց Ղուկասյանը։
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն էլ եզրակացրել է, որ «Անդրիաս Ղուկասյանը բնավ չունի նամակ փոխանցելու նպատակ, և, հավանաբար, իր շարժառիթներն այլ են, ինչի մասին գուցե տեղյակ չեն անգամ հավաքի մասնակիցները»: Խորհրդարանի պաշտոնյայի փոխանցմամբ, Ղուկասյանը մերժել է իր հետ հանդիպման առաջարկը՝ պատճառաբանելով, թե փոխզիջումների չի գնում:
«Ոտքի՛, Հայաստան»-ը իշխանություններից պահանջում է նաև հրապարակել վերջին համապետական ընտրություններում Հայաստանից բացակայած մարդկանց ցուցակը. համոզված են՝ քանի դեռ նախորդ ընտրությունների օրինականության թեման չի փակվել, նոր քվեարկությունը կասկածի տակ է։
«Առկա է մեծագույն անվստահություն թե՛ քաղաքացիների, թե՛ դիտորդ կազմակերպությունների մոտ։ Բնականաբար, որևէ քվեարկություն այս պայմաններում կազմակերպել Հայաստանում առանց նախորդ ընտրությունների դիտողությունները հաշվի առնելու, տեղի ունեցած երևույթները վերացնելու, մեղավորներին պատժելու, նշանակում է ինքնին շարունակել հանրության ազատ կամքի արտահայտման իրավունքը մերժել»,- ասաց Ղուկասյանը։
«Ոտքի՛, Հայաստան»-ը միացել է Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական ճակատին՝ պատրաստվելով դեկտեմբերի 1-ից անհնազանդություններ սկսել, մինչ այդ առաջիկա գիշերներն են լուսացնելու խորհրդարանի առջև: