Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի Եվրոպայի լիգայի խաղն ու Ադրբեջանում չմասնակցի «Բորուսիա» - «Գաբալա» ֆուտբոլային հանդիպմանը։
Գերմանական Bild պարբերականը, վկայակոչելով «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեին, նշում է, որ Մխիթարյանը հավանաբար չի մեկնի Բաքու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության պատճառով։
«Ակումբը պատասխանատվություն է կրում իր կիսապաշտպանի անվտանգության համար։ Եթե խաղացողն իրեն հարմարավետ չի զգում և վախ ունի, ապա մենք միանշանակ պետք է դա հաշվի առնենք», - ասել է Վացկեն։
«Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը, իր հերթին, հավելել է, որ նաև վիզայի խնդիր կա, կապված Մխիթարյանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության հետ։
Ավելի վաղ, հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Մխիթարյանը Բաքվում կարող է ձերբակալվել՝ 2011 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։