Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահի խոսնակ․ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները քաղաքական դիվիդենտներ կորզելու նպատակ են հետապնդում


Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, արխիվ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, արխիվ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, անցած օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի ուղղությամբ։

Սահմանամերձ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի փոխանցմամբ՝ զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան․ - «Կրակոցներ եղել են հենց գյուղի ուղղությամբ նաև: Երեկոյան ժամերից սկսած մինչև կեսգիշեր, նույնիսկ կեսգիշերն անց կրակոցներ են եղել: Շատ վնասներ չկան․․․ Որպես կանոն, այդ կրակոցների ժամանակ մարդիկ հնարավորինս ապահովում են իրենց անվտանգությունը»:

Կրակոցները չեն դադարել նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Ղարաբաղի պաշտպանության նախարարության տվյալներով, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց։

«Ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի գործողությունները լռեցվել են», - ասված է հաղորդագրությունում։

«Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի ակտիվացմանը հատկապես միջազգային միջնորդների (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների) առաջիկա տարածաշրջանային այցի նախօրեին․ - «Բայց սա արդեն ոչ թե պատճառն է, սա առիթ է: Պատճառը այն է, որ այդ պետությունը դարձել է ֆաշիստական, և նման պետությունները այդպես էլ պետք է իրենց պահեն: Ուղղակի որպես առիթ նրանք օգտագործում են նաև այդ մարդկանց այցելությունը տարածաշրջան, խախտում են զինադադարի ռեժիմը, որ դրանով նաև ցույց տան, որ իրենք ինչ-որ դերակատարություն ունեն և իրենցից ինչ-որ բան է կախված տարածաշրջանում: Եվ կորզեն ինչ-որ դիվիդենտներ քաղաքական»:

Սահմանամերձ գյուղերում սպասում են խոստացված աջակցությանը

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով անցած ամիս հայկական կողմը 7 զոհ տվեց, սահմանամերձ բնակավայրերը նաև նյութական մեծ վնասներ կրեցին։

Կառավարության վերջին նիստում որոշվեց Տավուշի մարզին հատկացնել 66 միլիոն դրամ՝ գյուղացիների վնասները փոխհատուցելու համար։

Կոթիի գյուղապետը «Ազատությանը» փոխանցեց, որ մարզպետարանից եկել են, հաշվարկել, բայց օգնությունը դեռ չեն տեսել։

Կառավարության աջակցությանն են սպասում նաև 80 կմ հեռու գտնվող Պառավաքարում։

«Պետությունը եթե կարա, թող օգնի, չի կարա՝ հիմա ես ինչ ասեմ», - «Ազատությանն» ասաց մի պառավաքարցի:

«Տեսնենք ինչ կլինի, ինչ-որ մի բանով կօգնի՞ կառավարությունը, թե՞ չէ», - հավելեց նրա համագյուղացիներից մի կին։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցած տարի եղավ սահմանամերձ այս մարզում, խոստացավ աջակցել, ինչից հետո արտոնություններ տրվեցին հարկերի, էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց վճարների մասով։ Սակայն ցայսօր չլուծված է մնում խմելու և ոռոգման ջրերի հարցը։

«Ջուր չունենք, աղբյուրից ենք կրում», - ասաց սևքարեցի միջին տարիքի մի կին: - «Սպասում ենք, անհամբեր սպասում ենք ջրագծի տեղ հասնելուն: Խնդրում ենք գազի համար էլ թող աջակցեն»:

Կառավարությունը որոշել է մինչև գարուն լուծել Սևքարի խմելու ջրի հարցը՝ ջրախողովակներն արդեն գյուղ են հասել։ Երեք տասնյակ այլ գյուղերում, սակայն, դեռ սպասում են իրենց հերթին։

XS
SM
MD
LG