Մատչելիության հղումներ

Սահմանային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. նախարար


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն, ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, շարունակում է մնալ կայուն լարված, սակայն հայկական ուժերի պատժիչ գործողություններից հետո հակառակորդն այլևս ծանր հրետանի չի կիրառում։

«Եթե այս գիշերը համեմատում ենք մյուս օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից և ականանետերից չեն կրակել։ Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զինվորը առաջին գծում իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով»,- ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանը սահմանային լարվածության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրական է գնահատում նաև Հայաստանի դիվանագիտական աշխատանքը. նախարարի կարծիքով՝ այն համարժեք է ռազմական գործողություններին. - «Դրանք կատարվում են համահունչ, իրար հետ փոխկապակցված, իրար հետ համաձայնեցված, և այս երկար տարիների աշխատանքի շնորհիվ է, որ մենք, թեկուզ և հարաբերական, բայց կարողանում ենք խաղաղ պայմաններն ապահովել»։

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկած «Խաղաղության պրոբլեմներ» միջազգային ամենամյա համաժողովի իր բացման խոսքում, դիմելով 16 պետությունների շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներին, նախարարն ընդգծեց՝ յուրաքանչյուր տարածաշրջանի ապակայունությունն իր հետևանքն է թողնում և նոր մարտահրավերներ է առաջ քաշում ամբողջ աշխարհի համար։

«Այսպիսի իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների խիստ պայմանական է, ուստի տարածաշրջանային հիմնախնդիրները ստանում են միջազգային կարևորություն»,- ընդգծեց նա։

Նախարարի խոսքով՝ կարևորելով այս մոտեցումը՝ Հայաստան արդեն 10 տարի է մասնակցում է և շարունակելու է թե՛ աշխարհագրական և թե՛ որակական առումով ընդլայնել իր դերակատարումը միջազգային կայունությանն ուղղված ծրագրերում։

«Չնայած մեր սահմաններին ախոյանի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու օրախնդիր հարցերին, մենք հաստատակամորեն և հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները»,- հայտարարեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Այսօրվա համաժողովին մասնակցում էր նաև ՀԱՊԿ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Նիկիտինը։ Ռազմական դաշինքը, որին անդամակցում է նաև Հայաստանը, վերջին շաբաթներին քննադատության արժանացավ Հայաստանի սահմանամերձ գյուղերի ռմբակոծմանն ու քաղաքացիական անձանց զոհվելու փաստին համարժեք արձագանք չտալու համար։

Կազմակերպության փորձագետը ՀԱՊԿ-ի լռության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում.- «Միջազգային կազմակերպությունները հրշեջ բրիգադ չեն, նրանք չեն կարող լրատվական գործակալությունների լրահոսի ռեժիմով ժամը մեկ, երեք ժամը մեկ արձագանքել, ավելին՝ որոշ դեպքերում արձագանքի զսպվածությունը նույնպես օգտակար է»,- ասաց Նիկիտինը։

XS
SM
MD
LG