Սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ Ազգային ժողովի հավանությանն արժանանալուց հետո «Ոչ»-ի ճակատը հայտարարում է, որ պայքարը նոր թափ է ստանում, և արդեն սկսելու են մարզային այցելություններ:
Հոկտեմբերի 30-ին «Ոչ»-ի ճակատը նախատեսում է Երևանում հանրահավաք անցկացնել:
Այսօր Ազգային ժողովում նախագծի վերջնական տարբերակի ներկայացման ժամանակ՝ քվեարկությանն ընդառաջ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էր սկսել, որին նախորդել էր Ազատության հրապարակից մեկնարկած երթը:
Մոտ երկու ժամ առաջ խորհրդարանի շենքի ցանկապատի մոտ հրմշտոց էր, ոստիկանությունը երկու տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեց: «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները փորձում էին «Ո՛չ» գրությամբ պաստառ փակցնել ցանկապատի ճաղերին, ոստիկանները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով փորձեցին վերցնել պաստառը՝ պնդելով, որ չի կարելի այն ճաղերին ամրացնել, ինչից հետո հրմշտոց սկսվեց: Այստեղ եկան Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը՝ Հայ ազգային կոնգրեսից, և «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը: Բանակցությունները, սակայն, արդյունք չտվեցին, և Օսիպյանի հրամանով լրացուցիչ ուժեր բերվեցին, քանի որ տեղի ուժերով չէր հաջողվում պաստառը խլել: Այնուհետև արդեն մի քանի հարյուր ոստիկաններ եկան, և «կարմիրբերետավորները» բռնի ուժով վերցրեցին պաստառն ու բերման ենթարկեցին 21 հոգու՝ նրանց տանելով Արաբկիրի ոստիկանություն: Բերման ենթարկվածներից մի քանիսը «Չե՛ք անցկացնի» նախաձեռնող խմբից են:
Քիչ անց կրկին ցուցարարներին մոտեցան ընդդիմադիր պատգամավորները: Լևոն Զուրաբյանը հայտարարեց․ - «Մեր հիմնական գործն այսօրվանից դառնալու է հանրաքվեում «ոչ»-ի քարոզչությունը»։ Նա նաև հայտնեց, որ պատրաստվում էր խորհրդարանում իր ելույթում մասնավորապես ասել․ - «Սե՛րժ Սարգսյան, հանուն մեր ազգային համախմբվածության, հանուն նրա, որ մեր պետությանը չսպառնա վտանգ, հրաժարվի՛ր սահմանադրական գործընթացից, որը տանում է մեր ազգը դեպի պառակտում։ Սահմանադրության փոփոխությունը հանցագործություն է պետության դեմ, որը խարխլում է պետության հիմքերը, և Հայաստանում ձևավորվել է քաղաքական բևեռացում այս խնդրի շուրջ»: Ընդդիմադիր պատգամավորին, սակայն, Ազգային ժողովում թույլ չեն տվել ելույթ ունենալ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար։ Նա ասաց, որ ցուցարարներն ազատ կարձակվեն բերման ենթարկվելու պահից երեք ժամ անցնելուց ոչ ուշ։