Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերոնշյալ ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (1 արկ) և 120 (1 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (17 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: