ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
Սերժ Սարգսյանը Բան Կի-մունին տեղեկացրել է գործընթացի ներկայիս փուլի, առկա խնդիրների և Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարվածության մասին, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների` նորանոր հակամարտությունների, տարածվող ահաբեկչության և ծայրահեղականության, Միջին և Մերձավոր Արևելքում աճող լարվածության շուրջ:
Բան Կի-մունը ողջունել և շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Հյուսիսային Իրաքից և Սիրիայից փախստականներին Հայաստանում ապաստան տալու քայլերի համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է առաջիկայում Երևանում կայանալիք խաղաղապահության գլոբալ մարտահրավերներին նվիրված համաժողովը: