Մատչելիության հղումներ

Ազդարարվեց ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի մեկնարկը


Փոխըմբռնման եռակողմ հուշագրի ստորագրման արարողությունը:
Փոխըմբռնման եռակողմ հուշագրի ստորագրման արարողությունը:
Այսօր Երեւանում պաշտոնապես ազդարարվեց «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը:

3 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ այդ ծրագրերը, որպես «Հյուսիս – Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող օղակ, ըստ շնորհանդեսի մասնակիցների, ապահովելու են Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին:

Ծրագրերի իրականացման համար Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջեւ ստորագրվել են կոնցեսիոն պայմանագրեր, որոնցով ներդրումային ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել նախագծերի իրագործելիության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հետագայում կոնսորցիումի եղանակով՝ պետություն - մասնավոր համագործակցության շրջանակներում, «Ռասիա ՖԶԷ»–ն պարտավորվում է նաեւ իրականացնել անհրաժեշտ շինարարական աշխատանքները՝ ծրագրերի ավարտից հետո 30 տարի դրանք շահագործելու պայմանով:

Այսօր կայացած շնորհանդեսի ավարտին ստորագրվեց նաեւ Փոխըմբռնման եռակողմ հուշագիր՝ Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության եւ «Ռասիա ՖԶԷ» ընկերության մասնակցությամբ, որի շրջանակներում կողմերը մտադրվում են համագործակցել Հայաստանն ու Իրանը կապող երկաթուղու եւ Հյուսիս - Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրերի շրջանակներում:

Ըստ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա լավագույնս օգտագործել Հայաստանի ստրատեգիական դիրքի ողջ պոտենցիալը` «ապահովելով միջազգային ժամանակակից հաղորդակցություն»:

Ներկայացնելով «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը` Բեգլարյանը մասնավորապես նշեց, որ այն իր ծրագրերն իրագործելիս համագործակցում է չինական հայտնի մասնագիտացված կազմակերպության հետ:

«Ռասիա ֆԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին, տարածաշրջանային կարեւորության առումով «պատմական» գնահատելով «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը, նշեց, որ համագործակցելով միջազգային այլ հայտնի կազմակերպությունների հետ, իրենք արդեն իսկ բազմամիլիարդանոց ներդրումներ են կատարել մի շարք այլ երկրներում՝ այդ թվում Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում:

Հայաստանում, Բարկովսկու ներկայացմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 316 կիլոմետր երկարություն ունեցող էլեկտրաֆիկացված երկաթուղի, որը սկիզբ կառնի Սեւանա լճից արեւմուտք ընկած հատվածից եւ կձգվի մինչեւ Մեղրիի հարավային սահմանը:

Ծրագրում ներգրավված Չինաստանի հաղորդակցային ընկերությունը, ընկերության ներկայացուցիչ Հու Բինի խոսքով, աշխարհի 10 խոշորագույն մասնագիտացված կազմակերպություններից մեկն է եւ հանդիսանում է Չինաստանի հաղորդակցության եւ շինարարության ոլորտի թիվ մեկ միջազգային կապալառուն:

Հու Բինի խոսքով, իրենց համար մեծ պատիվ է ընկերության փորձառությունը ներդնել նաեւ Հյուսիս - Հարավ միջազգային միջանցքի մասը կազմող այս ծրագրերում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն իր հերթին նշեց, թե ընկերությունը միանգամայն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ եւ համագործակցել այսօր ներկայացված ծրագրերի շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ երբ կավարտվեն ծրագրերով նախատեսված բոլոր շինարարական աշխատանքները, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ շինարարության ժամկետներին կարող են անդրադառնալ միայն 18 ամիս անց, երբ ավարտված կլինեն ուսումնասիրություններն ու նախագծային աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG