Մատչելիության հղումներ

Գյումրիում ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը կրկին միասնական հարթակ դուրս կգան


«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչների համաժողովը, Երևան, 12-ը սեպտեմբերի, 2015թ.
«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչների համաժողովը, Երևան, 12-ը սեպտեմբերի, 2015թ.

Ոչ իշխանական եռյակի ձախողումից հետո վաղը նախկին գործընկերներից երկուսը՝ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը կրկին միասնական հարթակ դուրս կգան։ «Ոչ»-ի ճակատը սկսում է փողոցային պայքարը։

Հանրապետության երկրորդ քաղաքում կայանալիք առաջին հանրահավաքին ՀԱԿ-ից կմասնակցեն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ «Ժառանգություն»-ում վերջնական որոշում դեռ չեն կայացրել, բայց չի բացառվում, որ Գյումրի ժամանի նաև կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Կլինեն նաև արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։

«Ոչ»-ի փողոցային պայքարի մեկնարկին ակտիվիստները երկար են պատրաստվել։ Դեմ հանդես եկող ուժերին միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 5000-ից ավելի թռուցիկներ են բաժանել։

«Ընդհանրապես մարդ, որ ասի ես կողմ եմ այս ամենին, չի եղել, որևիցե մեկից նման բան չենք լսել»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ հանրահավաքից հետո երթով կշարժվեն Գյումրու կենտրոնական փողոցներով։ Հյուսիսային մայրաքաղաքը պատահական չի ընտրվել։ Պայքարի մեկնարկին ակտիվիստները խոստանում են չկրկնել մյուս շարժումների սխալները։

«Մեր խմբում միշտ փորձում ենք հետ գնալ, նայել՝ մնացած գործողություններում խմբերը ինչպես են աշխատել և որն է եղել իրենց բացթողումը, որ մենք դա թույլ չտանք։ Այնպես չէ, որ իդեալական են բոլոր որոշումները, բայց դա հաշվի ենք առնում ու միշտ քննարկում ենք»,- ասում է Գրիգորյանը։

Սահմանադրական բարեփոխումները մերժող ուժերը վստահ են, որ նախագահականում տարբեր կուսակցությունների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական կոնսենսուս չեն ստեղծել։ Վերջին հարցումները, ըստ Գրիգորյանի, ցույց են տալիս, որ բնակչության կեսից ավելին դեմ է առաջարկվող փոփոխություններին։ Փորձելու են հանրահավաքների միջոցով տապալել գործընթացը, եթե դա ստացվի, չեն բացառում, որ իշխանափոխության պահանջ կդնեն։

«Եթե ինքը հրաժարվեց սահմանադրական փոփոխություններից, ապա նոր պահանջներ են ձևավորվելու, ես համոզված եմ։ Նման բան հնարավոր չէ՝ հրաժարվել, ու մարդիկ չասեն՝ «մենք նոր պահանջներ ունենք», ու կարող է, ասենք, նոր ընտրություններ... ու այնպես չէ, որ դու կարող ես այդ մարդկանց ասել՝ գնացեք տուն»,- նշեց «Չե՛ք անցկացնի»-ի անդամը։

Վաղվա հանրահավաքի ընթացքում «ոչ» ասող ուժերը կհայտարարեն նաև հաջորդ՝ երևանյան հանրահավաքի օրը։ Ցույցից հետո նստացույց անցկացնելու հնարավորությունը չեն բացառում։

XS
SM
MD
LG