Ութ օր՝ սեպտեմբերի 21-29-ը Հայաստանում 47 գրողներ համատեղ հանդիպումների, կլոր սեղանների, գրքերի շնորհանդեսների ժամանակ կքննարկեն թե՛ գրական, թե՛ թարգմանչական ու հրատարակչական հրատապ խնդիրներ՝ «Գրական տապան» ավանդական դարձած փառատոնի շրջանակներում։
Տարբեր երկրներից 23 գրող է ժամանել Հայաստան. երեկ Սիրահարների այգում տեղի ունեցավ փառատոնի բացումը։ Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ապրիլյան օրերին «Գրական տապանը» արդեն իսկ հյուրընկալել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած գրողների, որոնց մեկշաբաթյա քննարկումների թեման էր ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև նման արհավիրքները կանխարգելելու կամ գոնե դատապարտելու՝ գրողի և գրականության առաքելությունը։
Այս անգամ, ինչպես «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնեց փառատոնի կազմկոմիտեի գրական հարցերով պատասխանատու Դավիթ Մաթևոսյանը, 18 երկրներից ժամանած օտարազգի և սփյուռքահայ գրողները հայաստանցի իրենց գրչընկերների հետ Երևանում և Ծաղկաձորում կմասնակցեն մի շարք քննարկումների՝ ժամանակակից խնդիրների շուրջ.- «Գուցե թե անդրադառնալով Եղեռնին, որովհետև դա այսօր էլ առօրեական է և այսօր էլ խնդիր է։ Այսօր էլ ողբերգություններ են տեղի ունենում, աշխարհի շատ տգեղ վերաձևում է տեղի ունենում և բևեռացում»։
Շվեյցարահայ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, 84-ամյա Վահե Գոդելը ոչ միայն մեր միջնադարյան, այլև ժամանակակից բանաստեղծներին է ֆրանսերեն թարգմանել։ Ասում էր, որ շատ է սիրում ժամանակակից հայկական պոեզիան, հատկապես Վիոլետ Գրիգորյանի և Մարինե Պետրոսյանի անուններն էր շեշտում։ Վահե Գոդելը բազմիցս է այցելել հայրենիք, բայց գրական այս փառատոնին առաջին անգամ է մասնակցում։
«Այս փառատոնները շատ օգտակար են»,- կարծում է նա։
Արձակագիր, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն էլ, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ուժ են իրենցից ներկայացնում այստեղ հավաքված 47 գրողները, ասաց.- «Հայտնի մի արտահայտություն կա, փիլիսոփա Ադորնոյի արտահայտությունն է, որ Հոլոքոստից հետո չի կարելի բանաստեղծություն գրել։ Գրողները չէ, որ պետք է փրկեն աշխարհը, աշխարհը պետք է փրկեն այն մարդիկ, ովքեր գրականությունից, արվեստից կվերցնեն այն դրական ուղերձները, որոնք կան»։
Վերջին տարիներին արտասահմանում լույս տեսան Ցեղասպանության դժնդակ օրերի մասին պատմող երկու գիրք, որոնք բեսթսելլեր դարձան և թարգմանվեցին տարբեր լեզուներով՝ ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» և ամերիկահայ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպերը։ Վաղը տեղի կունենա այդ գրքերի հայաստանյան շնորհանդեսը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։
«Ինձ համար՝ իբրև հայ, դժվար էր հայ գրող լինելը, որովհետև իմ փորձառությունը ընդարձակ է։ Ռումինայի մեջ ես չեմ ճանաչել հայ գյուղացիներին, հայ հարբած, գինով մարդկանց, դրա համար էլ ռումիներեն եմ գրում, բայց օգնում եմ հայերեն թարգմանությունների հարցում։ Կարծում եմ, որ ամենադժվար բանը չեզոք մնալն է, չփորձել ամեն ինչ բացատրել գրքիդ մեջ ու եզրակացություն չդնես, թողնես, որ ամեն մի հերոս իր լեզվով խոսի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Վարուժան Ոսկանյանը։