Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկեց «Գրական տապան» միջազգային փառատոնը


Արդեն ավանդական դարձած «Գրական տապան» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 21-ից 29-ը հայաստանցի և արտերկրից ժամանած 47 գրողներ համատեղ հանդիպումների, կլոր սեղանների և գրքերի շնորհանդեսների ժամանակ կքննարկեն գրական, թարգմանչական և հրատարակչական հրատապ խնդիրներ:

Դեռ երեկ տարբեր երկրներից 23 գրող է ժամանել Հայաստան: Այսօր Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը: Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլյան օրերին «Գրական տապանը» արդեն հյուրընկալել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած գրողների, որոնց մեկշաբաթյա քննարկումների թեմաներից էր ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև նման արհավիրքները կանխարգելելու կամ գոնե դատապարտելու՝ գրողի և գրականության առաքելությունը:

Այս անգամ, ինչպես «Ազատությանն» ասաց «Գրական տապան» փառատոնի կազմկոմիտեի գրական հարցերով պատասխանատու Դավիթ Մաթևոսյանը, օտարազգի և սփյուռքահայ գրողները հայաստանցի իրենց գրչընկերների հետ Երևանում, այնուհետև՝ Ծաղկաձորում, կմասնակցեն տարբեր խնդիրների շուրջ մի շարք քննարկումների, կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին, իսկ վերադարձից հետո ստացած տպավորությունները կամփոփեն իրենց ստեղծագործություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG