Մատչելիության հղումներ

Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով երեք հոգի բերման է ենթարկվել


Ըստ ծեծված ազատամարտիկի, նախագահն ու ոստիկանապետը մտահոգված են իր գործով։

Երկու օր առաջ Երևանի կենտրոնում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկվել երեք քաղաքացի։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հայաստանի ոստիկանության լրատվական բաժնից։

Երեկ էլ, ըստ Քննչական կոմիտեի, ինքնակամ բաժին էր ներկայացել ազատամարտիկի մատնանշած Տիգրանը, ով, ըստ Հակոբյանի, հանրապետական Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։

Բազմաթիվ սալջարդերով ու կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկն այսօր լավատես էր և վստահ՝ իրավապահները կգտնեն մեղավորներին։ Հիմքեր ունի։ «Առաջին օրը, որ ինձ բերել էին, բժիշկն ասաց, որ հանրապետության նախագահը զանգահարել է գլխավոր բժշկին, իմ որպիսությունից է հարցրել և հորդորել է, որ հնարավորինս ամեն ինչ անեն, որովհետև որ բերեցին՝ վիճակս շատ վատ էր։ Երկու անգամ ինձ զանգահարել է Հայաստանի ոստիկանապետը, հարցրել է մանրամասներ և հատկապես առողջությանս հետ կապված, ինքն էլ է հրահանգել, մարդ ուղարկեց այստեղ», - ասաց Հակոբյանը։

Երկրորդ օրը հիվանդանոցում գտնվող ազատամարտիկը ուղիղ մեղադրանքներ չի հնչեցնում, միևնույն ժամանակ, սակայն, շարունակում է պնդել՝ ծեծողներից մեկը հանրապետական Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, ասում է՝ Հայրապետյանն էլ ամիսներ առաջ անձամբ է սպառնացել իրեն։ «Բաղրամյանի ցույցերի հետ էր կապված. կլանը պնդում էր, որ ես պետք է գնամ, տանը հանգիստ նստեմ։ Ճիշտ է, ընթացքում մի քիչ տհաճ հեռախոսային խոսակցություն է եղել. ինձ հեռախոսով հորդորում էր, որ գնամ, տանը հանգիստ նստեմ», - ասաց ազատամարտիկը։

Ռուբեն Հայրապետյանը, սակայն, հերքում է ազատամարտիկի պնդումները։ Երեկ մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հանրապետական նախկին պատգամավորը հայտարարել էր՝ Տիգրան անունով թիկնապահ չունի, իսկ Հակոբյանը, ըստ Հայրապետյանի, հայտնի «խաբեբա է» և «կատարում է քաղաքական պատվեր»։

«Ամբողջ հանրապետությունը գիտի, որ Հայրապետյանը երբեք ընդդիմադիր չի եղել, հակառակը, իշխող կուսակցությունների, իշխող կլանի այսօր համար մեկ շարքերում կանգնած է, և քաղաքական պատվեր իրա նկատմամբ իրականացնել աբսուրդ է, ընդդիմադիրի նկատմամբ է քաղաքական պատվեր իրականացվում։ Ես հիմա հստակ կարող եմ ասել, որ ինքն է քաղաքական պատվեր կատարում։ Չգիտեմ՝ ում կողմից և ինչ նպատակներով։ Եվ երեք ամիս առաջ էր նույն քաղաքական պատվերը կատարում, երբ ինձ հեռախոսով հորդորում էր, որ գնամ, տանը հանգիստ նստեմ», - ասաց Հակոբյանը։

Առավոտից կրկին հիվանդանոցի բակում էին Հակոբյանի հարյուրավոր մարտական ընկերները։ Երեկվանից կտրուկ քայլերի անցնելու մասին բարձրաձայնող ազատամարտիկները, սակայն, այսօր մոտ մեկ ժամ տևած փակ քննարկումից հետո հայտարարեցին՝ գործողություններ չեն լինի, առայժմ վստահում են իրավապահներին։

«Երբ որ մենք կտեսնենք, որ իրավապահ մարմիններն ավելի թույլ են և ոչ հետևողական, ավտոմատ մենք այդ գործին ներգրավվելու ենք շատ ավելի ակտիվ», - ասաց ազատամարտիկներից մեկը։

Իշխանափոխության պահանջով երթից հետո Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստը դատապարտել են նաև քաղաքական ուժերը։ Հիշատակելով անցած տարեվերջին ծեծի ենթարկված ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի և Սուրեն Սարգսյանի այդպես էլ չբացահայտված գործերը, ընդդիմադիր ՀԺԿ-ն և ՀԱԿ-ը պնդում են՝ «հերթական բռնությամբ իշխանությունները փորձում են խորացնել վախի մթնոլորտը երկրում»։

Հանրապետական կուսակցությունը ևս դատապարտում է ազատամարտիկի հանդեպ բռնությունը։ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, չի բացառում, որ դա արվել է իրենց դեմ։ «Մենք դատապարտում ենք նման երևույթները, և սա ինչ-որ տեղ սադրանք եմ համարում, որպեսզի ստվեր գցեն այն գործունեության վրա, որն իրականացնում ենք մենք», - ասաց Բաղդասարյանը։

Ի դեպ, ողջ օրվա ընթացքում Քննչական կոմիտեից այդպես էլ չպատասխանեցին՝ ծեծի ենթարկելու կասկածանքով բերման ենթարկվածներին մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG