Մատչելիության հղումներ

Ազատամարտիկը պնդում է՝ իրեն ծեծողներից մեկը եղել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից


Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 22-ը սեպտեմբերի, 2015թ.
Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 22-ը սեպտեմբերի, 2015թ.

Հակոբյանն այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ամիսներ առաջ Ռուբեն Հայրապետյանի հետ խնդիրներ է ունեցել։ Ազատամարտիկի խոսքով, վերջինս անգամ սպառնացել է իրեն:

Երեկ Երևանի կենտրոնում օրը ցերեկով դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարում է, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին․ - «Այդ մարդուն ես ճանաչում եմ որպես Հայրապետյան Ռուբիկի թիկնազորի անդամ՝ Տիգրանին»,- պնդում է նա։

Բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված «Աֆղանցիների ջոկատի» հրամանատարը այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամիսներ առաջ Հայրապետյանի հետ խնդիրներ է ունեցել։ Հակոբյանի խոսքով, վերջինս անգամ սպառնացել էր իրեն։ «Երեք ամիս առաջ, զուտ քաղաքական թեմաներով, գիշերով իմ ու իր մեջ բանավեճ է եղել, և ինքը այն ժամանակ բան ա արել, որ «սպասի, կտեսնես»», - պատմեց ազատամարտիկը։

Սմբատ Հակոբյանը միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցել է Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ իշխանափոխության կոչով բողոքի ակցիային։ Հակոբյանի խոսքով, ակցիայի ավարտից հետո նկատել է, որ իրեն հետևում են։

«Ակցիան նորմալ արել ենք, ավարտել ենք, ես ոտքով քայլել եմ դեպի Աբովյան փողոց, որ վերադառնամ տուն։ Էդտեղ ես նկատեցի, որ երբ Մելիք-Ադամյանից շարժվեցի, երեք-չորս հոգի պատի անկյունից ինձ հետ ոտքով շարժվեցին։ Մեկի ձայնից շրջվեցի, տեսա իրենք են էլի։ Մոտեցավ, բա՝ «Սմբատ, այնտեղ էի ուզում մոտենամ, հարմար չէր, էստեղ մոտեցա, կարևոր բան ունեմ ասելու», ու ձեռքով կամաց-կամաց հրում է դեպի մետաղի դարպասից ներս։ Տիգրանը ձեռքը գցեց վզովս ու ասեց՝ «այ հիմա կբացատրենք՝ քեզ ինչ ենք անում», ու սկսվեցին չորս կողմից հարվածներ տեղալ», - պատմեց ազատամարտիկը։

Այլ մանրամասներ ազատամարտիկից ճշտել չհաջողվեց, բժիշկն արգելեց շփումը հիվանդի հետ՝ նշելով, որ Հակոբյանի մոտ առկա են առողջական լուրջ խնդիրներ։ «Ունի կրծքավանդակի փակ վնասվածք, կողի կոտրվածք, վնասված է թոքը, և խորխը լցվել է թոքի և պատի արանքը։ Նրա վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն», - ասաց բժիշկը։

Այսօր առավոտից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում էին հավաքվել Սմբատ Հակոբյանի հարյուրավոր մարտական ընկերներ։ Բարկացած ազատամարտիկներն ասում էին՝ դիմելու են կտրուկ գործողությունների, վիրավորված են՝ Անկախության օրով ծեծել էն անկախության համար պայքարած հրամանատարին։

«Հաղթեցինք պատերազմը, հետ էկանք ու մինչև այսօր զգում ենք, որ ուզում են մեզ հոշոտեն: Հլը բան չենք արել, որ էսպես են վարվում: Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել Սմբատին տեսնելուց հետո, մի՞թե կարելի է մարդուն ոչինչ չանելու համար էդ աստիճանի ծեծել, նսեմացնել էդ աստիճանի», - ասում է ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:

Իսկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը վստահ է՝ միջադեպը իշխանության ձեռագիրն է. գործը իրավապահները չեն բացահայտելու։ Եղիազարյանը ևս անցած տարեվերջին բռնության էր ենթարկվել, մեղավորները դեռ անպատիժ են։

«Պրակտիկան ցուց է տալիս, որ իրավապահները ոչ թե անզոր են, այլ չեն ցանկանում ինչ-որ գործեր բացահայտել, քանի որ իշխանությունների հետ նույն կաղապարի մեջ են, նույն խոհանոցի մեջ են, ինչպես ասում են՝ մեկը մյուսի թաթը չի տրորում»,- ասում է Մանվել Եղիազարյանը:

Ռուբեն Հայրապետյանը հերքում է ծեծի մեջ իր թիկնազորի անդամի մասնակցության մասին ազատամարտիկի պնդումները։ Մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նախկին պատգամավոր, հանրապետական Հայրապետյանը նշել է՝ իր թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա, իսկ «ազատամարտիկ Հակոբյանը հայտնի ստախոս է և կատարում է քաղաքական պատվեր»։

Միջադեպի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածքներ պատճառելու հոդվածով։ Սմբատ Հակոբյանը ճանաչվել է տուժող: Թեև վերջինիս մատնանշած Տիգրան անունով անձնավորությունը կեսօրին ներկայացել է ոստիկանություն, քրեական գործում առայժմ կասկածյալներ, մեղադրյալներ կամ ձերբակալվածներ չեն նշվում։

Ծեծված ազատամարտիկի մարտական ընկերները մինչև վաղը ժամը 11։00 իրավապահներին ժամանակ են տվել բռնության բոլոր մասնակիցներին գտնելու համար, հակառակ դեպքում չեն բացառում, որ կդիմեն «այլ միջոցների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG