Մատչելիության հղումներ

Պուտինը նախընտրում է ոչնչացնել արգելված մթերքը, ոչ թե հատկացնել աղքատներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի քաղաքացիական ակտիվիստների գնահատմամբ, Պուտինի հրամանագիրը Ռուսաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենահիմար փաստաթղթերից է:

Արդեն շուրջ 200 հազար ռուսաստանցի է ստորագրել ՌԴ-ում պատժամիջոցների ցանկում հայտնված արտասահմանյան մթերքը ոչնչացնելու մասին Պուտինի հրամանագիրը կասեցնելու խնդրանքի տակ: Նախաձեռնությունն իրականացվում է change.org կայքում:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որի համաձայն՝ երկրում արգելված ապրանքները ենթակա են ոչնչացման: Ընդ որում՝ ինչպես սահմանի վրա, այնպես էլ՝ խանութներում և պահեստներում:

Պուտինի այս հրամանագիրը Ռուսաստանում միանշանակ չի ընդունվել: Շատերը տարակուսած են՝ ինչպես կարելի է մթերք ոչնչացնել մի երկրում, որտեղ պաշտոնապես կան աղքատներ, զգալի թիվ են կազմում թերսնված երեխաներն ու ծերերը: Ոչնչացման ենթակա մթերքը կարելի էր պարզապես բաժանել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, ասում են մարդիկ:

Արդեն շուրջ մեկ տարի է՝ Ռուսաստանում, իբրև արևմտյան պատժամիջոցների պատասխան, գործում է արտերկրից ներկրվող մթերքի էմբարգոն: Ավելին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է դիմել նախագահին՝ մթերային էմբարգոյի տիրույթում հայտնված երկրների ցանկն ընդլայնելու խնդրանքով : Մասնավորապես նախատեսվում է, որ այդ ցանկի մեջ կներառվի Վրաստանը:

Մոսկովյան եկեղեցիներից մեկի առաջնորդ Ալեքսեյ Ումինսկին այս որոշումը հիմար է որակել: «Այդ մթերթքը բարեգործական կազմակերպությունների միջոցով կարելի է բաժանել ծերերերին, աղքատներին և փախստականներին»,- ասել է հոգևորականը:

Նման պահանջ է ներակայացրել նաև քաղաքացիական ակտիվիստ Օլգա Սավելևան, ով էլ change.org կայքում ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնության հեղինակն է: «Ազատության» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սավելևան հետևյալ կերպ է մեկնաբանում իր նախաձեռնությունը․ - «Մարդիկ Ռուսաստանում այսօր չեն կարող իրենց թույլ տալ գնել նույնիսկ ամենասովորական մթերքները, ինչպե՞ս կարելի է նման իրավիճակում ոչնչացնել ուտելիքը: Ինձ թվում է, որ սա մեր պատմության մեջ երբևէ եղած ամենահիմար հրամանագրերից է»:

Նա հավելում է՝ ինքը հեղափոխական չէ և իշխանափոխություն չի ուզում, պարզապես կարծում է, որ Պուտինը չի խորացել խնդրի մեջ: Քաղաքացիական ակտիվիստը հուսով է, որ իշխանությունները կարձագանքեն այս նախաձեռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG