Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցը հունիսի 23-ի առավոտյան բռնությամբ ցրելու վերաբերյալ Ոստիկանություն ուղարկված հարյուրից ավելի հարցումների պատասխանները «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը հիմք են տվել եզրակացնելու, որ իրավապահների գործողությունները «իրավաչափության հետ որևէ աղերս չեն ունեցել»: Իսկ Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը «պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»։
Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պատասխաններն իրենց մոտ նորանոր հարցեր են առաջացրել, որոնցից մեկն էլ այն է, թե ինչ իրավունքով է Երանոսյանը այդ օրը հրամաններ արձակել, հրամայել կոտրել լրագրողների տեխնիկան ու հարձակվել լրագրողների վրա։
Բանն այն է, որ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հարցմանը Ոստիկանությունից ուղարկված պատասխանի, հավաքը ցրել են «Ոստիկանության Երևանի վարչության և ենթակա բաժինների, պարեկապահակային ծառայության գնդի և ուղեկցող գումարտակի ծառայողները»։ Այսինքն, Երանոսյանի անմիջական ենթակայությամբ գործող ոստիկանության զորքերը չեն մասնակցել հավաքը ցրելու գործողություններին: Երանոսյանը, իր հերթին, պաշտոնական պատասխանում գրում է, որ ինքն այդ ժամանակ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքից բխող որևէ գործառույթ չի իրականացրել:
«Լևոն Երանոսյանը ոստիկանության զորքերի հրամանատարն է, ինքն էլ է հանդիսանում ոստիկանության զորքերի ծառայող, և եթե ոստիկանության զորքերն այդտեղ չկային և չէին կարող լինել, ի՞նչ գործ ուներ ինքն այնտեղ: Հաջորդ հարցը, որ ծագում է, դա այն է, թե ինչ հրահանգ է տվել: Կադրերից մեկում տեսել ենք, որ Լևոն Երանոսյանը հրահանգում է՝ ջարդեք, արա: Ու դրանից հետո համազգեստով ոստիկաններ և քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք վազում են լրագրողի հետևից: Ո՞ւմ էր ուղղված այդ հրահանգը», - հարցեր հնչեցրեց Իոնիսյանը՝ շարունակելով․ - «Սա շատ կարևոր է հասկանալ: Եվ կարևոր է ստանալ բացատրություններ և պատասխաններ Լևոն Երանոսյանի այդ օրվա գործունեության վերաբերյալ: Որովհետև, մեր համոզմամբ, այդ գործունեությունը պարունակում էր հանցակազմ միանգամից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով»:
«Իլուր» կայքի թղթակից Հակոբ Կարապետյանը, ով այդ օրը նկարահանել է ինչպես բռնության ենթարկվող ցուցարարներին, այնպես էլ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին՝ օպերատորներից մեկից խցիկը խլելիս ու գետնին նետելիս, «Ազատության» հետ զրույցում հեգնեց՝ գուցե Երանոսյանը որպես ցուցարա՞ր էր Բաղրամյան պողոտայում, և շարունակեց․ - «Երևի պետք է մտածել, որ այդտեղ, բացի ոստիկանության ուժերից, ցուցարարների և լրագրողների դեմ բռնություն են գործել ինչ-որ հրոսակախմբեր, որոնց պարագլուխը Լևոն Երանոսյան անունով մարդն է, որը պատահաբար այդ պահին ոստիկանության գեներալի համազգեստով է եղել: Այսինքն, պետք է միգուցե որակավորել սովորական խուլիգանությունը, որը որ գործել են Լևոն Երանոսյանը և նրա բանդայի մի քանի անդամներ»:
Իրազեկ քաղաքացիների միավորումը կոնկրետ պատասխան չի ստացել նաև այն հարցերին, թե որքանո՞վ էր համաչափ ու իրավաչափ ջրցանի օգտագործումը, և առհասարակ ո՞վ էր հրաման տվել ցրել ցույցը։ «Ո՞վ է որոշել, որ ենթադրենք այդ ցույցը պետք է ցրվի, իսկ հաջորդ գիշերը չպետք է ցրվի: Ինչ-որ մեկը պետք է որոշեր․․․ Ով է այդ որոշումը կայացրել, այնուամենայնիվ, մեզանից գաղտնի է պահվում, բայց կարելի է ենթադրել, որ դա առնվազն Վլադիմիր Գասպարյանն է: Կարելի է ենթադրել, որ դա եղել է անգամ Վլադիմիր Գասպարյանից բարձր որոշում և կայացվել է Բաղրամյան 26-ում: Բայց ես ազնվությամբ ասեմ, որ որևիցե փաստաթուղթ չունեմ, որը կկարողանար այդ մասին վկայել», - ասաց Իոնիսյանը։
Այդ օրը ցուցարարներին առաջնորդող ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը նշում է, որ հերթական անգամ Լևոն Երանոսյանը խուսափում է պատասխանատվությունից, չնայած նրա անունը պարբերաբար շրջանառվում է ընդդիմադիրների հետ կապված տարբեր սկանդալային միջադեպերում։ Անպատիժ են մնում նաև այդ օրը ցուցարարներին բռնության ենթարկած այլ ոստիկաններ. - «Ինքը մնում է միշտ անպատիժ: Միգուցե սա հենց բարեփոխված ոստիկանի նոր կերպա՞րն է, որ մինչ այժմ չէինք տեսել մենք: Անպատժելիությունն ու բեսպրեդելը այն կարգի է տարածվել Հայաստանում, որ սա ոչ թե դեմոկրատական երկիր է դառնում, ոչ թե բռնապետական երկիր է․․․ սա ոստիկանապետական երկիր է, որտեղ խաղաղ ցուցարարին կարող են ծեծել, լրագրողին իր գործառույթները կատարելու ժամանակ կարող են այն աստիճանի վնասվածքներ հասցնել, որ շտապօգնության մեքենայով լրագրողը տեղափոխվի, բայց մնան անպատիժ»: