Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմամբ:
«Երեք ամիս առաջ մենք պաշտոնապես նամակով դիմել ենք Եվրասիական հանձնաժողովին և բոլոր անդամ պետություններին՝ առաջարկելով, որպեսզի սկսվի գործընթացը կապված Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ավելի արտոնյալ առևտրային ռեժիմի ձևավորման հետ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: - «Արդեն կա որոշում այն մասին, որ լինի աշխատանքային խումբ»:
Փոխարտգործնախարարի խոսքով առաջիկայում սկսվելու են շուկայի, հնարավորությունների, ռիսկերի ուսումնասիրություններ:
«Այսինքն, դա մի գործընթաց է: Վիետնամի օրինակով դուք կարող եք տեսնել՝ ինչ մեծ փաթեթ է եղել նախապատրաստական աշխատանքների, որը բերեց Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու ստորագրմանը: Հիմա այդ գործընթացը սկսվել է Իրանի հետ», - պարզաբանեց Շավարշ Քոչարյանը:
Փոխարտգործնախարարից հետաքրքրվեցինք՝ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների հարցը Մոսկվայում՝ Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրած Հայաստանի նախագահը ի՞նչ արձագանք է ստացել ռուսական կողմից և ի՞նչ է ակնկալում ՀԱՊԿ գագաթնաժողովից:
«Առաջին հակահարված տվողը, տեղը դնողը՝ այդ արկածախնդրին, մենք ենք լինելու, բայց մեզ համար նաև կարևոր է յուրաքանչյուր երկրի դերակատարումը, առաջին հերթին այն երկրների, որոնց հետ մենք պայմանագրային հարաբերությունների մեջ ենք», - պատասխանեց Շավարշ Քոչարյանը:
ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանները բազմիցս են հայտարարել, որ նման կերպ Երևանը լուծում է նաև իր անվտանգության ապահովման հարցը: Սա հիշեցրեցինք Շավարշ Քոչարյանին: Փոխարտգործնախարարը արձագանքեց․ - «ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ: Դա տնտեսական բլոկ է, քաղաքական էլ չի: Այդ տեսակետից՝ ԵՏՄ-ի հետ՝ տնտեսական միավորման հետ կապել քաղաքական, անվտանգության հարցեր, դա որևէ առնչություն չունի»:
Մեր դիտարկմանը, թե այդ մասին Հայաստանի նախագահն է ասել, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ - «Անվտանգության բաղադրիչը կայանում է նաև նրանում, որ քո տնտեսությունը շնչի, և այն մրցավազքը, որ կա՝ սպառազինությունների, որ դու կարողանաս դիմանալ»:
Սահմանին լարվածության կտրուկ աճի ֆոնին չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն այս ամսվա վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Պաշտոնական Երևանը, սակայն, լուրջ առաջընթաց չի ակնկալում ղարաբաղյան բանակցություններում, քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել:
«Քանի որ Ադրբեջանը շեշտը դնում է միայն այն հարցերի վրա, որ իրեն են ձեռնտու, այդ պատճառով էլ առաջընթաց չկա և չի լինի այնքան ժամանակ, քանի Ադրբեջանը այդպես վարվի»:
Երկու օր է հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Ղրիմի ղեկավար, Արևմուտքի «սև ցուցակում» հայտնված Սերգեյ Ակսյոնովի Հայաստան կատարելիք հնարավոր այցը:
«Հայաստան գալը ցանկացած քաղաքացու համար, որն ունի Ռուսաստանի անձնագիր, ազատ է: Ինչ վերաբերում է այն, ինչ ես մամուլից լսել եմ, որ իբր հրավիրվել է՝ որևէ հրավեր չի եղել», - այս առնչությամբ ասաց Շավարշ Քոչարյանը: