«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում տեղադրված կարճ տեսանյութում ադրբեջանական գյուղն է, պատսպարված ընտանիքի անդամների անհանգիստ ձայներ են լսվում։ Կադրերում երևում է տան բակը, կրակոցներ են լսվում, զինատեսակներից մեկը պայթում է հենց բակում՝ ուժեղ ձայնով և ակնթարթային լույսով։ Ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները խուճապահար փախչում են։
Նշվում է, որ հայկական կողմից այս գյուղը գնդակոծվել է սեպտեմբերի 3-ին։ Դա Ադրբեջանի Ղազախի շրջանի Միազամ գյուղն է, կարճ տեսանյութը հենց տեղացիներն են նկարել՝ հավանաբար հեռախոսով։
Հաղորդվում է նաև, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում երկու բնակիչ է վիրավորվել՝ 87-ամյա մի տղամարդ և նրա 83-ամյա կինը բեկորային վնասվածքներ են ստացել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ «պատասխանելով հայկական կողմից վերջին օրերի սադրանքներին, իրենք պատասխան կրակ են բացել հայկական կրակակետերի, դիրքերի և խրամատների ուղղությամբ, իսկ հայկական կողմից սկսել են կրակել սահմանամերձ գյուղերի վրա»։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ «Հայաստանի իշխանությունը, վախենալով ավելի ծանր հարվածներից, զորավարժություններ անցկացնելու պատրվակով էվակուացնում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին»։ Ըստ այս հաղորդագրության, Հայաստանի 20 սահմանամերձ գյուղերի բնակիչներ սկսել են տարհանվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել է, որ «եթե թշնամին անհապաղ չդադարեցնի սահմանային գյուղերի հրետակոծությունը, ապա Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով բոլոր տեսակի զինատեսակները, կոչնչացնեն թշնամուն»։