Խոսքը մի քանի տարի առաջ մեկ այլ անձի պաշտպանության ժամանակ ձեռք բերած մի փաստաթղթի մասին է, որը Բաղդասարյանը հրապարակել էր հեռուստատեսությամբ։ Սակայն և՛ Բաղդասարյանը, և՛ նրա պաշտպան Լուսինե Սահակյանը, պնդելով, որ փաստաբանը գործել է օրենքի տառին համապատասխան, քրեական հետապնդումը համարում են ապօրինի:
«Բաղդասարյանը մի գործով ներկայացրել է ամբաստանյալի շահերը, և պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել մի անձ, որը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Բաղդասարյանը հարցում է կատարել համապատասխան հաստատություն, որպեսզի ստանա տվյալներ, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ և կարողանա վիճարկել այն ապացույցը, որը դրվել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում: Մերժում է ստանում, միջնորդություն է ներկայացնում դատարան և դատարանի միջոցով ստանում է այդ ապացույցը: Դատարանը կատարում է հարցում և ստանում տեղեկություն այն մասին, որ իրականում այդ անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Լուսինե Սահակյանը:
Այնուհետև, ըստ նրա, Բաղդասարյանը միջնորդել է դատարանին անթույլատրելի համարել այդ ապացույցը՝ միաժամանակ լրատվամիջոցով հայտարարելով, որ ապօրինություն է կատարվում՝ անձին մեղադրում են հոգեկան հիվանդություն ունեցողի ցուցմունքներով։
Սկզբում քննիչը հանցակազմ չի տեսել փաստաբանի գործողություններում, մերժել է քրեական գործի հարուցումը, բայց վերադաս դատախազը վերջերս վերացրել է այդ որոշումն ու Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել։
Փաստաբանի փոխանցմամբ, մեղադրողի համար անհասկանալի է, թե որտեղից է Բաղդասարյանը հիվանդության մասին այդ փաստաթուղթը ձեռք բերել, քանի որ չկա դատարանի միջոցով այն ստացած լինելու մասին արձանագրություն:
«Քրեական դատավարության օրենսգրքում որևէ պարտադիր նորմ չկա, որ մեզ փաստաթուղթ տրամադրելիս արձանագրություն կազմեն: Գրեթե ամեն օր ես փաստաթղթեր եմ քրեական գործերով ստանում և՛ քննիչից, և՛ դատավորից: Մեծամասնության դեպքում ուղղակի դատական նիստի ժամանակ, եթե իմ միջնորդության հիման վրա պահանջած ապացույց է լինում, ուղղակի դատավորը փոխանցում է այդ արձանագրությունը ինձ, որևէ արձանագրություն չի կազմվում: Չի կարող դա դիտվել իմ կողմից քրեորեն պատժելի արարք՝ փաստաթղթեր հավաքելը», - ասաց Բաղդասարյանը:
Իսկ հրապարակելու վերաբերյալ Լուսինե Սահակյանն ասաց․ - «Այդ նիստը չի եղել դռնփակության պայմաններում, ոչ ոք նախազգուշացված չի եղել, որ այդ տվյալը հրապարակման ենթակա չէ, ուստիև անհասկանալի է, թե ինչումն է կայանում ապօրինությունը այդ տեղեկությունը տարածելու»:
Լուսինե Սահակյանը, Նիկոլայ Բաղդասարյանի դեմ սկսված հետապնդումը պայմանավորելով նաև Վարդան Պետրոսյանի շահերը պաշտպանելու ժամանակ նրա ցուցաբերած ակտիվությամբ, համոզված է, որ այսպիսով փորձ է արվում լռեցնել բոլոր փաստաբաններին։
Ինքը՝ Բաղդասարյանը նաև Գլխավոր դատախազի միջամտությունն է տեսնում այստեղ. - «Ես պայմանավորում եմ կոնկրետ մարդկանց ամբիցիաներով՝ ներառյալ գլխավոր դատախազին: Որովհետև չեմ հավատում, որ առանց իր մասնակցության նման որոշումներ կայացվեն: Իրենք ուզում են փաստաբանական ինստիտուտը վարկաբեկեն, որպեսզի մրցակցություն չլինի, այսինքն իրենք լինեն գերիշխող դիրքում: Դա անթույլատրելի է: Պետք է գիտակցեն, որ 37 թվականը ավարտվել է և այս մեթոդներով լուծում չկա: Եվ ցույց են տալիս, որ իրենք անզոր են իրավական դաշտում պայքարել փաստաբանների հետ, գնացել են ուժային մեթոդով աշխատելուն: Բայց էդ ուժային մեթոդը իրենց բերում է փակուղի: Իրենք հասարակությանը ցույց են տալիս, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում դատախազություն գոյություն չունի»:
Սա վերջին ամիսներին փաստաբաններին քրեական հետապնդման ենթարկելու արդեն երկրորդ դեպքն է։ Մեկ այլ գործով մեղադրված Տիգրան Հայրապետյանը համոզված է՝ դատախազությունը փորձում է վերացնել անկախ փաստաբանների ինստիտուտը, քանի որ փաստաբանությունն ու իրավապաշտպան գործունեությունը Հայաստանում զարգանում են, իսկ դատախազությունն ու քննչական մարմինները «դոփում են տեղում». - «Ու քանի որ իրենք համաչափ, ադեկվատ չեն աճում, չեն գնում առաջ, փորձում են սանձել, իրենց ձեռքում պահել իրավիճակը: Այսինքն, կա հրահանգ, կա կոնկրետ ինչ-որ պատվեր, պատվերի շրջանակներում պետք է գործողություն կատարվի: Ու քանի որ այդ գործողությունը օրենքի մեջ չի տեղավորվում, այսպիսի զավեշտալի որոշումներ են կայացնում»:
Փաստաբանների պալատը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել։ Տեղեկացանք, որ առաջիկա օրերին նախատեսված է քննարկում, որից հետո պալատը կհրապարակի իր դիրքորոշումը Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։