Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերը նախագահի հետ քննարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Ներկայացված նախագծի շուրջ իրենց դիրքորոշումը Սերժ Սարգսյանին այսօր ներկայացրել են Դաշնակցության, «Օրինաց երկրի» և «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները:

«Կայուն մեծամասնություն ապահովելու նպատակով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը Սահմանադրության նախագծից չի հանվի, բայց ավելի կհստակեցվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահմանադրական փոփոխությունների հարցով Սերժ Սարգսյանին հանդիպած ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Թե՛ նախապես հայտնած գնահատականում, թե՛ վերջին երկու օրերի երևանյան քննարկումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն առաջարկում էին նախագծից ընդհանրապես հանել այդ դրույթը։

Հանրաքվեի դրվելիք նախագիծը, հիշեցնեմ, դեռ պետք է քննարկվի խորհրդարանում, որտեղ Հանրապետականն ունի մեծամասնություն։

«Մասնավորապես, հստակ լինի, որ խոսքը գնում է կոալիցիայի հնարավորության մասին առաջին փուլից հետո: Երկրորդ փուլն էլ նոր դաշինքներով կարող է ձևավորվել, րը ներկայացուցչական ժողովրդավարության քաջալերման լավ ձևերից է: Այ դրա վրա արդեն կարելի է Ընտրական օրենսգրքում բոլոր մանրամասները սահմանել», - նշեց Ռուստամյանը:

Նախագահի հետ այսօր հանդիպած քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն է իր հաստատ «այո»-ն ասում Սահմանադրական բարեփոխումներին: Դաշնակցության տեսանկյունից, Ռուստամյանի փոխանցմամբ, հիմնական գործն ավարտված է, մնացել են վերջին շտկումները․ - «Մասնավորապես, խոսեցինք այսօր ընտրիչների հարցի հետ կապված, որովհետև մենք դրան կողմ էինք միայն այն պատճառով, որ մտածում էինք՝ դա հնարավորություն կտա Սփյուռքը ընդգրկել: Բայց համապատասխան մեխանիզմ, դժբախտաբար, դեռ չկարողացանք գտնել: Եվ այդ պարագայում ընտրիչների ժողովը պահպանելը անիմաստ է դառնում: Ճիշտ կլինի, որ նախագահը ընտրվի միանգամից Ազգային ժողովի կողմից, որ այս խոսակցություններն էլ այդ առումով, շահարկումներն էլ դադարեն»:

«Բարգավաճ Հայաստան»-ը 5 հոգանոց խմբով էր գնացել նախագահական, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը դրական գնահատեց՝ նշելով, որ իրենց առաջարկությունների հիմնական մասն ընդունվում է նախագահի կողմնից․ - «Կա ազատությունների մասին խնդիր, ինքնաբուխ հավաքների մասին հարցը, որովհետև դա մեր մտահոգությունների մեջ է մտնում, նաև 125-րդ հոդվածը, որը ես եմ երեկ բարձրաձայնել: Դա ընտրիչների համակարգի խնդիրն է: Եվ տեղական ինքնակառավարման մարմիններից ընտրիչների հանելու խնդիրը, որը այսօր ևս քննարկվել է Հանրապետության նախագահի մոտ: Ես այլ փակագծեր չեմ ուզում այս պահին բացել, բայց ասեմ, որ բավականին արդյունավետ հանդիպում էր, և ես կարծում եմ, որ այս տեմպերով մենք պետք է շարժվենք առաջ»:

Կայուն մեծամասնության ձևավորման դրույթը, Բաբայանի խոսքով, ԲՀԿ-ի համար էլ է մտահոգիչ: Թե հատկապես ինչո՞վ՝ չմանրամասնեց՝ ասելով, որ չի ցանկանում մասնագիտական քննարկումներ ծավալել: Բայց հստակ է՝ ԲՀԿ-ն այլևս Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի վերարտադրության վտանգ չի տեսնում․ - «Եղել են հայտարարություններ, որոնցից հետո արդեն պարզ է, որ նման խնդիր չկա, և վերարտադրության հետ կապված մենք չունենք ասելիք: Որովհետև այդ հարցը մեր համար պարզ է, որ վերարտադրության այդ բաղադրիչը դուրս է գալիս ասպարեզից: Ես չեմ ցանկանում այս պահին մեկնաբանել տարբեր պաշտոնյաների և ղեկավարության տեսակետները այդ հարցի շուրջ: Ես ցանկանում եմ ընդամենը տեղեկացնել ձեզ, որ մեր մոտ այդ հարցի շուրջ կա փոփոխություն, և այդ փոփոխությունը գալիս է նաև իրենց արած հայտարարություններից»:

Դեռ մի քանի ամիս առաջ անգամ բովանդակային քննարկումները մերժող ԲՀԿ-ն այսօր չի բացառում, որ կմիանա «այո»-ի քարոզարծավին․ - «Լիարժեքորեն ուսումնասիրելով վերջնական փաթեթը և բերելով մեր առաջարկությունները ասպարեզ, քննարկելով՝ մենք գալիս ենք այն տեսակետին, որ կարող ենք ստեղծել մի այնպիսի փաստաթուղթ, որը իրականում ընդունելի դառնա հասարակության և մեր երկրի կողմից»:

«Օրինաց երկիր» կուսակցությունը Բաղրամյան 26 էր գնացել «Հայկական վերածնունդ»-ի առաջարկներով։ Նախագահական մտնելուց առաջ Հովհաննես Մարգարյանն ասաց․ - «Հինգ մեր կոնցեպտուալ առաջարկները եղել են հայեցակարգի վերաբերյալ: Հիմա կա նախագիծ, մենեք նախագծի վերաբերյալ էլ ունենք երեսունից ավելի առաջարկներ: Հիմա այդ հինգ առաջարկների մասին է խոսքը: Ավելի մանրամասն քննարկումից հետո կանդրադառնանք»:

Քաղաքական ուժերի հետ հանդիպումները Սերժ Սարգսյանը կշարունակի վաղը։

«Ազատ դեմոկրատները» դեմ են սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին, բայց կուսակցության վարչության նիստում, ինչպես «Ազատությանը» փոխանցեց կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը, այսօր որոշում է կայացվել ընդունել նախագահի հրավերն ու քննարկել իրենց համար վիճելի կետերը:

Սերժ Սարգսյանին կհանդիպի նաև ՀՀՇ-ն։ Կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք ևս առարկություններ ունեն նախագծի վերաբերյալ՝ «պետք է գնան հայտնեն»: Շեշտեց կայուն մեծամասնության ապահովման համար ընտրությունների երկրորդ փուլի անցկացման դրույթը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր երեկոյան «Ազատությանը» փոխանցեց, որ կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հրավեր է ստացել՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

ՀԱԿ-ը ստացել և, ինչպես երեկ փոխանցել է Լևոն Զուրաբյանը, մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծին առաջիկայում կանդրադառնա նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցած՝ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հավելեց, որ Քոչարյան - Սարգսյան հանդիպման մասին մանրամասների չի տիրապետում։

Նախագահականից հետո քննարկումները կտեղափոխվեն Ազգային ժողով․ խմբակցությունների հետ կհանդիպի Սահմանադրական բարեփոխումնեևրի մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG