Էստոնիայի արտգործնախարարությունը կոշտ քննադատության է արժանացրել Պսկովի դատարանի դատավճիռը:
Ռուսաստանյան դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էստոնիայի բարձրաստիճան սպային՝ լրտեսության, սահմանն ապօրինի հատելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով:
Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն առևանգելով Էստոնիայի ուժային կառույցի ներկայացուցչին՝ խախտել են միջազգային օրենքները: Նախարարությունը, հերքելով մեղադրանքները, պահանջում է անհապաղ ազատել քաղաքացուն և դիմում է միջազգային հանրությանը:
Ռուսական դատարանի դատավճիռը «միջազգային կանոններին հակասող» է որակել նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: