Գունավոր թուղթ, կպչուն ժապավեն և մի բուռ ալյուր. 21-ամյա Հերբերտ Գևորգյանի ու 23-ամյա Արտակ Գևորգյանի համար այսքանն էլ բավարար է քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար:
Արդեն չորս տարի է՝ «Հակահարված» արթ խումբը իշխանությունների դեմ իր բողոքը երևանյան շենքերի վրա է պատկերում: «Սթրիթ արթ»-ի այս նմուշները, սակայն, երկար կյանք չեն ունենում. ոստիկանները, որպես կանոն, դրանք մաքրում են հաշված ժամերի ընթացքում։
«Որ քաղաքական չի եղել, մի գործ ենք արել, սիրուն գործ ենք արել, էդ մի գործն է մնացել, որ իրանց վնաս չի։ Իրականում, փաստորեն, մեր արվեստը լավ ուժ ունի, որովհետև իրանց վրա ազդում է, եթե 2-3 րոպեում տենց վերացնում են։ Շանթ Հարությունյանի պորտրետը, որ արել էինք, պատն էին քանդել, չէին կարացել մաքրել, պատը քանդել էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց խմբի անդամներից Արտակ Գևորգյանը։
Շենքերի պատերին ցուցարար ծեծող ոստիկանի կամ քաղբանտարկյալի նկարելու համար երիտասարդները հասցրել են լինել Երևանի գրեթե բոլոր ոստիկանական բաժանմունքներում, անգամ դատարանի առաջ են կանգնել՝ իշխանության օրինական պահանջը չկատարելու և հանրային տարածքը սխալ օգտագործելու մեղադրանքով:
Մի քանի օր առաջ էլ դատարանը նրանց պարտավորեցրեց 116 հազար դրամ վճարել ոստիկանությանը՝ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանի հասցեին Ազգային ժողովի դիմաց գրություն փակցնելու համար։
«Մեզ բռնել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, այսինքն, որն է եղել ոստիկանի օրինական պահանջը, որ ասել է՝ «հեռացրե՛ք պաստառը», մենք չենք հեռացրել։ Մենք կատարել ենք խաղաղ ակցիա։ Ոստիկանությունը մեր դեմ մի կետ ունի, որով տուգանել է, իսկ եթե մենք դիմենք Եվրադատարան, իսկ Հերբերտը հիմա էդ պրոցեսի մեջ է, իմն էլ սեպտեմբերին նոր կսկսվի, մենք էլ հակընդդեմ ոստիկանությանը ներկայացնելու ենք մոտավորապես 32 կետ. մեկը, որ իմ խաղաղ ակցիան խոչընդոտել են, իմ խոսքի իրավունքը չեն թողել, որ բարձրացնեմ, ինձ գործից կտրել են, իմ ազատությունը սահմանափակել են։ Տենց շատ կետեր կան», - ասաց Արտակը։
Չնայած հետապնդումներին, երիտասարդները խոստանում են շարունակել պայքարը։ Ասում են, որ հաջորդ «հակահարված»-ը սահմանադրական բարեփոխումների թեմայով է լինելու։
«Սահմանադրական բարեփոխումները հիմա մի քիչ սպասում ենք բորբոքվի, անպայման կանդրադառնանք», - ասաց Արտակ Գևորգյանը։