Մատչելիության հղումներ

Չնայած պատերազմական իրավիճակին, սիրիահայերը մասնակցում են Համահայկական խաղերին


Չնայած պատերազմական իրավիճակին սիրիահայերը մասնակցում են Համահայկական խաղերին
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Պատվիրակության ֆուտզալի թիմի մարզիչ Հակոբ Շեխուգյանը պատմեց, որ Հայաստան են ժամանել՝ «կարևորը մասնակցությունն է» կարգախոսով՝ հաշվի առնելով պատերազմական Սիրիայում իրենց ունեցած սահմանափակ հնարավորությունները, մարզումներն անցկացնելու համեստ պայմանները: Նույնիսկ խաղերում կրած պարտությունները չեն հուսահատեցնում իրենց:

«Շատ զորավոր ենք: Մենք խաղերու մեջ կպարտվենք, խաղերու մեջ կհաղթենք , բայց մենք ուրախ ենք, տղերքը ուրախ են․ հայրենիքի մեջ կխաղան», - նշեց Շեխուգյանը:

Լիբանան, Աբու-Դաբի, Հայաստան՝ մարզչի խոսքով, արժեր 32 ժամ ճանապարհ կտրել: Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար Քեսաբից Հայաստան են եկել շախմատիստներ, ֆուտբոլիստներ, լողորդներ, հրաձիգներ: Շատերը 4 տարի պատերազմող Սիրիայից առաջին անգամ են դուրս գալիս:

Մարզիկները պատմեցին, որ Քեսաբում իրավիճակը վերահսկելի է և ավելի ապահով, քան, օրինակ, հայաբնակ մյուս քաղաքներում:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա մարտին Սիրիայի ապստամբները ներխուժել էին թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ: Տեղի բնակչությունը ստիպված լքել էր քաղաքը, սակայն մի քանի ամիս անց, երբ կառավարական ուժերը վերագրավել էին այն, հայերի մեծ մասը վերադարձել էր, վերակառուցել իրենց տները, եկեղեցին ու դպրոցը:

«Եկեղեցիները բոլորը վառել էին, շինեցինք եկեղեցիները, դպրոցները: Աշակերտներ ունենք, մոտ հազար աշակերտ: Հայերեն դասեր ունենք, հայկական դպրոց», - պատմեց ֆուտզալի թիմի մարզիչը:

Ավելի բարդ է իրավիճակը Հալեպում: Քաղաքը ռազմական գործողությունների կիզակետում է՝ մեկ կառավարական զորքերի, մեկ ապստամբների վերահսկողության տակ անցնելով:

Ֆուտբոլիստ Մհեր Ղազարյանը պատմեց, որ Հալեպի հայկական 60 հազարանոց համայնքից մոտ 15 հազար հայ է մնացել քաղաքում: Մոտ 2 տասնյակ դպրոցներից ու մեկ տասնյակ եկեղեցիներից որոշները չեն գործում:

«Էլեկտրականություն չկա՝ օրը մեկ ժամ, շատ-շատ երկու ժամ, ջուրը ամիսներ կկտրվի, օրեր ետ կուգա․․․», - նշեց Ղազարյանը:

«Կարող ես տունդ նստել և մի վայրկյանում ռումբ մը ստանաս: Շատ դժվար է Հալեպի հայության վիճակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հալեպի ֆուտզալի թիմի մարզիչ Ջորջ Դիշչեքենյանը:

Չնայած ամենօրյա դժվարություններին, հրթիռակոծության վտանգներին, հալեպցի մարզիկների խոսքով, պատերազմող քաղաքում մնացած իրենց ընտանիքները, օրական մի քանի ժամ էլեկտրաէներգիա ստանալով, կենցաղային խնդիրները լուծելու հետ մեկտեղ շտապում են միանալ խափանումներով աշխատող համացանցին՝ հետևելու իրենց թիմերի մրցելույթներին:

«Իրենք հետևում են և հպարտ են շատ-շատ, երբ որ բացմանը մեր նկարները տեսան հեռուստատեսությամբ: Իրենց նպատակը հաղթանակը չէ, իրենց նպատակը, որ այսօր՝ 4 տարի պատերազմից հետո, Սիրիան մասնակցում է, մանավանդ՝ Հալեպը», - ասաց Մհեր Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG