Մատչելիության հղումներ

«Դուրս մեր գրպանից» շարժումը նախատեսում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ


«Դուրս մեր գրպանից» շարժումը նախատեսում է քաղաքացիական անհնազանդության ակցիներ
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00

Նախաձեռնության այդ մտադրությունը այսօր բարձրաձայնեց «Դուրս մեր գրպանից»-ի անդամ Արման Սուլեյմանյանը:

Շարժումը, որը պայքարում է «կարմիր գծերի», արագաչափերի ու տեսախցիկների դեմ, վերջերս փակ հանդիպում է ունեցել Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Բարձրացված խնդիրներին, սակայն, լուծում չի տրվել:

Շարժման անդամներն այսօր էլ Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրել էին բաց քննարկման, սակայն վերջիններս հրավերը թողել էին անպատասխան:

«Դուրս մեր գրպանից»-ը տապալված է համարում բանակցությունները, ուստի փորձելու են կտրուկ գործողություններով լուծել կուտակված հարցերը. - «Շատ լավ գիտեք, որ դատախազության դիմաց անկանոն կայանում են շքեղ մեքենաներ: Կարելի է մի քանի մեքենայով ուղղակի խցանում առաջացնել այդտեղ, ժամանած ոստիկաններին ստիպել, որ այդ բոլոր մեքենաները տանեն տուգանային հրապարակ և միայն դրանից հետո թույլատրել, որ քո մեքենան՝ նախաձեռնության անդամի մեքենան, տեղափոխվի տուգանային հրապարակ»:

Նրա խոսքով՝ ոստիկանությունն այսօր միայն տուգանում է․ կարգազանց վարորդներ համար այլ պատիժ չունեն․ - «Դու քշում ես 300 կմ/ժամ արագությամբ ամեն օր, խնդիր չկա՝ մուծիր կես միլիոն դրամ և դու ազատ ես»:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հաշվարկով՝ 2012-14 թվականներին կայացվել է ավելի քան 2.5 միլիոն տուգանքի որոշում, ընդհանուր գումարը անցնում է 24 միլիարդ դրամը: Մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների թիվ աճել է 17 տոկոսով:

«Ստացվում է՝ որքան շատ են տուգանում, այնքան շատ են խախտում անում», - նկատում է պատգամավորը:

«Դուրս մեր գրպանից» շարժման անդամ Արման Սուլեյմանյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ համակարգի նպատակը նորմալ երթևեկություն ապահովելը չէ․ - «Հայաստանում ինքնանպատակը գումար կորզելն է: Հայաստանում չկա որևէ համակարգ, միջոց, որպեսզի խախտումների քանակը նվազի․․․ Ընդհանուր առմամբ, 2012 թվականից մինչև 2015-ը տեսախցիկները տեղադրված են, խախտումների և ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը չի նվազել: Հետևաբար ի՞նչ իմաստ ունի տեղադրել այդ համակարգերը, եթե դրանք ոչ մի դրական ազդեցություն չունեն մեր կյանքում»:

Տուգանքներից տուժողների մի ստվար հատվածը տաքսու վարորդներն են: Նրանցից մեկը «Ազատության» հետ զրույցի ընթացքում ցույց տվեց տուգանքների տրցակը և ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում 300 հազար դրամից ավելի տուգանք է մուծել, բայց այլևս չի վճարելու:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով՝ մարդկանց տուգանելը դարձել է շահույթի աղբյուր․ - «Միլիոնավոր տուգանքի որոշումներ կան Հայաստանում: Սեփականազրկման ակտեր են դրանք, ընդ որում՝ ոչ դատական կարգով: Մեր հանրապետության արտադրանքը միայն տուգանքի թուղթն է»:

XS
SM
MD
LG