Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ իրականացված ծառայողական քննության արդյունքում ևս երեք ոստիկան ենթարկվել է կարգապահական տույժի։
Մասնավորապես, Է. Պողոսյանին, Հ. Սանթրոսյանին և Կ. Բաբայանին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության այս 3 ծառայողները թույլ են տվել կարգապահական խախտումներ:
«Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Է. Պողոսյանը և նույն վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Հ. Սանթրոսյանը խախտել են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ԱԳ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Բաբայանը խախտել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները»,- ասված է հաղորդագրությունում։
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, ընթացքը կասեցվել է: Ծառայողական քննությանն անդրադարձ կարվի Հատուկ քննչական ծառայությունում և Քննչական կոմիտեում քրեական գործերի նախաքննությունների վերջնական արդյունքներով, հայտնում է ոստիկանությունը։
Ավելի վաղ կարգապահական տույժի էին ենթարկվել ինը ոստիկաններ, ոստիկանության 1 ծառայողի պաշտոնն իջեցվել էր մեկ աստիճանով, 1 ծառայողի հայտարարվել էր «նկատողություն», 7 ծառայողի՝ «խիստ նկատողություն»:
Թեև արդեն մեկ ամիս է անցել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանների բռնություններից, սակայն մինչ օրս ՀՔԾ-ն հրաժարվում է տեղեկացնել՝ արդյոք բռնությունների առնչությամբ իր կողմից հարուցված քրեական գործի շրջանակում կա՞ն կասկածյալներ և մեղադրյալներ: