Մատչելիության հղումներ

Վանաձորցի ակտիվիստները շարունակում են պայքարը


«Ո՛չ թալանին» շարժման վանաձորցի ակտիվիստները պահանջում են պատժել Երևանում հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած իրավապահներին:

Երեկվանից նրանք քաղաքի հանրային վայրերում փակցնում էին այն ոստիկանների լուսանկարները, ովքեր, ըստ իրենց, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Փակցված լուսանկարների մեծ մասն այսօր արդեն պոկված էր:

«Սակայն դա ոչինչ չի նշանակում։ Մենք հետևողական ենք լինելու, մենք էլի փակցնելու ենք, ժողովրդին տեղեկացնելու ենք: Պետք է պատասխան տան այդ ոստիկանները», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակտիվիստներից մեկը:

«Երեկ մենք փակցրել ենք այն ոստիկանների նկարները, ովքեր բռնի ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների հանդեպ ու անպատիժ մնացին: Ճիշտ է, իրենք պոկել են, բայց մենք նորից կկպցնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» շարժման ակտիվիստներից Մարտուն Ադամյանը:

Փակցված էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի լուսանկարը: Մարտուն Ադամյանը համոզված է, որ հունիսի 23-ի գլխավոր դերակատարներից մեկը հենց Վլադիմիր Գասպարյանն է․ - «Ինքը իբր հրաման չի տվել ցուցարարների վրա հարձակվելու․․․ Հենց ինքն է տվել: Եթե չի էլ տվել, ուրեմն՝ ամոթ իրեն․ այնքան ոստիկանապետ չի, որ իր ենթակաները առանց իր հրամանի բռնի ու անօրինական գործողություն են կատարում»:

Հուլիսի 14-ին վանաձորցի ակտիվիստները Լոռու մարզու դատախազություն նամակ էին հանձնել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել լրագրողների ու ցուցարարների նկատմամբ քրեական հետապնդումը: Պատասխան, սակայն, նրանք առայսօր չեն ստացել:

XS
SM
MD
LG