Եվրոպական միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսնակը կիրակի երեկոյան տեղեկացրեց, որ Հունաստանի հարցով եվրոյի գոտու ֆինանսների նախարարների բանակցություններն ընդհատվել են, որոշ երկրների ներկայացուցիչներ հրաժարվել են մինչև վերջ մասնակցել քննարկումներին:
Մինչ այդ Տուսկը չեղյալ էր համարել Եվրամիության 28 երկրների առաջնորդների գագաթնաժողովը: Փոխարենը, նա տեղեկացրել էր, որ եվրոյի գոտու 19 երկրների առաջնորդները Բրյուսելում պատրաստվում են քննարկել Հունաստանի հարցը:
Եվրամիության ղեկավարները նախաձեռնեցին արտակարգ հանդիպում, որին մասնակցեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Եվրոյի գոտու պաշտոնյաները կրկնեցին պնդումները, որ Հունաստանը պետք է վերականգնի իր նկատմամբ վստահությունը: Նույնիսկ հրապարակվեցին անհապաղ ձեռնարկվելիք քայլեր, ըստ որոնց անհրաժեշտ է, որ մինչև չորեքշաբթի Հունաստանի խորհրդարանը հրատապ կարգով մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարի հակաճգնաժամային փաթեթը կյանքի կոչելու՝ հարկերի, մաքսերի ավելացման, պետական ծախսերի կրճատման, կենսաթոշակային տարիքի երկարաձգման նպատակով:
Բայց քիչ չեն թերահավատություն արտահայտող պնդումները: Գերմանիայի կանցլերը Բրյուսելում գնահատեց․ - «Իրավիճակը ծայրահեղ դժվար է: Մի կողմից Հունաստանի տնտեսական վիճակն է և հարցը, թե այն ինչպես վատացավ անցած մի քանի ամիսներին, մյուս կողմից՝ ամենակարևոր արժույթը կորսվում է»: Մերկելը երեկոյան ասում էր, որ համաձայնություն չի կարող կնքվել որևէ բանի հաշվին:
Կանցլերը, միևնույն ժամանակ, հասկանալի համարեց, որ Բրյուսելում շատերի նյարդերն են տեղի տալիս, բայց նա նաև կարևոր համարեց վերջնական համաձայնության գալը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով՝ «կա՛մ Հունաստանը կշարունակի մնալ եվրոյի գոտում, կա՛մ դուրս կմնա եվրոյի գոտուց»: «Բայց վերջին դեպքում կստացվի, որ Եվրոպան նահանջեց և առաջընթաց չարձանագրեց, և դա այն է, ինչ ես չեմ ուզի, որ տեղի ունենա», - հավելեց Օլանդը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ հնարավոր կլինի համաձայնության գալը: Նա նաև ասել է, որ խնդիրը ոչ միայն Հունաստանի հարցով համաձայնության գալն է, այլև՝ Եվրոպայի համախմբվածության հանգամանքը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բուռն քննարկումներին ընդառաջ ասում էր․ - «Մենք համաձայնության կգանք, եթե բոլոր կողմերը ցանկանան»: Նա ավելացրել է. - «Ես այստեղ եմ և պատրաստ եմ ազնիվ փոխզիջմանը: Մենք պարտական ենք այն մարդկանց, որոնք ցանկանում են միացյալ Եվրոպա, ոչ թե տրոհված Եվրոպա»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երեկ խոստացավ. - «Ես պայքարելու եմ մինչև ամենավերջին միլիվայրկյանը՝ հանուն արդյունքի, և հույս ունեմ՝ կունենանք այդ արդյունքը»:
Բազմաթիվ առանձին հանդիպումներից հետո երեկոյան սեղանի շուրջ բանակցեցին Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդը, Ալեքսիս Ցիպրասը՝ Հունաստանի ֆինանսների նոր նախարարի հետ, Դոնալդ Տուսկը:
Միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են, որ կա հարցի հանգուցալուծման վերաբերյալ 4-էջանոց փաստաթուղթ: