Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչ․ «Ո՛չ թալանին»-ը քաղաքական պահանջների կարիք ուներ


Ընդդիմադիր գործիչ․ «Ո՛չ թալանին»-ը քաղաքական պահանջների կարիք ուներ
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

«Եթե ասում ենք՝ ո՛չ թալանին, ապա արդյո՞ք միայն 7 դրամի թալանն է, որ երկրում տեղի է ունենում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարդկանց մտքում, նրա խոսքով, այլ բան էր՝ քաղաքական պահանջների կարիք կար՝ նաև դրանով պայմանավորելով քաղաքացիների մասնակցության հետզհետե նվազումը էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ցույցերին:

Մարտիրոսյանը համարում է, որ իր գործն արեց նաև շարժման մասնատումը․ - «Ողջունելով հանդերձ այդ շարժումը՝ իրականության մեջ, կարծես թե, իր բովանդակությանը չհամապատասխանեց և խոշոր հաշվով քաղաքական, հրապարակային շարժում չիրականացրեցին: Ընդհակառակը, մաքուր քաղաքական շարժումը ըստ էության սարքեցին նեղ սոցիալական ուղղվածության, որը քաղաքացիների կողմից մեծ հաշվով շատ մեծ ընդունելության չարժանացավ»:

Հանրապետական Հովհաննես Սահակյանը «Ո՛չ թալանին» կարգախոսը քաղաքական չի համարում․ - «Դա («Ո՛չ թալանին») իրենց շարժման անունն էր, բայց նպատակը հենց այդ 7 դրամն էր: Եթե 7 դրամը թալանել են, ես էլ եմ կողմ, որ՝ ո՛չ թալանին»:

Սահակյանը հավելեց, թե «ձեռքներն այս գործի վրա տաքացնել» ցանկացողների չկարողացան հասնել քաղաքական պահանջներ դնելուն: Նրան ոգևորել է հատկապես առաջին երկու օրերին Բաղրամյանում տիրած մթնոլորտը․ - «Որևիցե մի դեսպանատան, որևիցե մի երկրի ուղղված չէր այդ երիտասարդների ազնիվ մղումը և պոռթկումը: Որովհետև գոնե մեկ անգլերեն կամ ռուսերեն պաստառ մենք չտեսանք իրենց ձեռքում, այլ ընդամենը ազգային, հայրենասիրական երգ ու պարի շնորհիվ ասում էին, որ այս թանկացումների համար ժողովուրդը չի վճարելու: Եթե վճարելու է, ապա ասեք՝ ինչու: Նպատակը դա էր: Եվ իսկապես դա ողջունելի է, որովհետև մեր գիտակցական կյանքում ես չեմ հիշում որևիցե մի հավաք կամ երթ, որը քարոզի ազգային, հայրենասիրական որևէ գաղափարախոսություն: Այս առումով ես հետևել եմ, ուրախ եմ: Հոգուս խորքում նաև իրենց հետ եմ եղել»։

Բաղրամյան պողոտայում նստացույցի օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ ակտիվիստների կոչ էին անում տեղափոխվել Ազատության հրապարակ: Հիմա, երբ Բաղրամյանը բաց է, իսկ ցուցարարները՝ Ազատության հրապարակում, Հովհաննես Սահակյանը գործընթացն ավարտված է համարում, իսկ ցուցարարների պահանջները՝ կատարված: Բնակիչներն այս պահին 7 դրամով ավելի չեն վճարի էլեկտրաէներգիայի համար․ - «Ես վստահ եմ նաև, որ ազգաբնակչության մի ստվար զանգված չի իմանա ինչ պահանջ է այսօր, որովհետև յուրաքանչյուր գործընթաց ունի իր գագաթնակետը, ունի իր կուլմինացիոն ժամանակահատվածը, և դա եղավ Բաղրամյան պողոտայում, իրենք հասան իրենց նպատակին: Եթե վաղը կլինի այլ որոշում, որի հետ համամիտ չեն լինի, կամ պատճառները կամ պատճառաբանությունը հավաստի չի լինի, կլինի այլ գործընթաց»:

Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակի այսօրվա պայքարի մասին ասում է՝ շարժումը վերելք չի ապրում: Նա համոզված է, որ հետևանքի համար պայքարելը ոչինչ չի տա․ - «Հնարավոր է ինչ-որ մի պահ նորից վերելք ապրի, բայց դրա համար մի քանի քայլ է անհրաժեշտ: Կարգախոսները այնպիսին պետք է լինեն, որը հնարավորություն կտա քաղաքացուն զգալ, որ ինքը կարևորագույն գործընթացի մաս է կազմում, այլ ոչ թե ինչ-որ հարցի հետևանք են փորձում վերացնել, այն էլ՝ մասնակի: Եվ երկրորդը, միասնություն պետք է լինի»:

XS
SM
MD
LG