Հովհաննիսյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց հայտնված տեղեկատվությունը, թե Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ․ - «Ձեռք է բերվելու նորագույն զինտեխնիկա, սպառազինություն` և՛ հարձակողական, և ՛ պաշտպանական բնույթի, ինչպես նաև նոր սարքավորումներ: Ընդհանրապես բանակի վերազինման լայնածավալ ծրագրի շրջանակներում է այս ամենը»:
Հատկանշական է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից վարկային այդ պայմանագրի վավերացման օրը՝ հուլիսի 2-ին, ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի անանուն աղբյուրին, գրեց, որ Մոսկվան Երևանի հետ բանակցություններ է վարում «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համալիրներ մատակարարելու շուրջ:
Արծրուն Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց․ - «Կոնկրետ ոչ մի բան չեմ կարող ասել: Ռուսական կողմի հետ քննարկվում են տարբեր տեսակի հարձակողական՝ այդ թվում հեռահար սպառազինության ձեռք բերման հարցեր»:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, «Իսկանդեր» հրթիռային համալիրները ունեն մի քանի տեսակներ, և «Իսկանդեր-Մ»-ը, որի հեռահարությունը հասնում է մինչև 500 կիլոմետրի, նախագծված է եղել ռուսաստանյան զինված ուժերի համար:
Եթե գործարքը պաշտոնապես հաստատվի, Հայաստանը Ռուսաստանից հետո կդառնա երկրորդ երկիրը, որը կունենա «Իսկանդեր» հրթիռային համալիրներ:
Հարցին՝ ռուսաստանյան այս վարկի միջոցով ձեռք բերվող սպառազինությունը նո՞ր է հայաստանյան զինված ուժերի համար, Պաշտպանության նախարարի խոսնակն արձագանքեց․ - «Ձեռք բերված սպառազինության տեսականու մեջ կան և սպառազինություններ, որոնք նորագույն են, բայց մենք արդեն ունենք, ուղղակի քանակը կավելացվի: Կան սպառազինությունները, որոնք մինչև այդ մենք չենք ունեցել»:
Բանակի հետագա վերազինմանն ու արդիականացմանը վերաբերող հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Զինված ուժերը մինչև այդ 200 միլիոնն էլ սպառազինվում էր և շարունակելու է սպառազինվել: Միայն այդ վարկով չէ, որ բանակի սպառազինման ծրագիրն իրականացվում է»:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հայ-ռուսական ռազմական պայմանավորվածությունը կայացավ երևանյան ցույցերի ֆոնին․ - «Քաղաքական ինչ-որ ժեստ էր: Եվ այդ քաղաքական ժեստը, կարծես թե, բավականին լուրջ ընդունվեց բոլորի կողմից: Խնդիրը այդ գումարը չէր, դա մեծ գումար չէ ժամանակակից զենքերը գնելու համար: Արվեց ժեստ, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին գումարներ տալ նորագույն զենքեր գնելու համար»:
«Տպավորություն է, որ Ռուսաստանում վախենում են կորցնել Հայաստանը», - նշեց Սարգսյանը՝ շարունակելով․ - «Որովհետև ցանկացած երևույթ, որը հայ-ռուսական հարաբերությունների մեջ նշմարվում է, միանգամից հակահայկական հիստերիա է բարձրացնում Ռուսաստանում: Այս վերջին տարին մենք ուղղակի նկատել ենք Գյումրիի դեպքի ժամանակ մի սարսափելի հակահայկական հիստերիա, այս ցույցերի ժամանակ»: