Ադրբեջանն այս պահին ուսումնասիրում է Հայաստանի՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար 200 միլիոն դոլարի արտահանման վարկ ստանալու հարցը։
«Մենք վճռականորեն արտահայտում ենք այն դիրքորոշումը, որ այդ սպառազինությունը չպետք է տեղակայվի Ադրբեջանի Հանրապետության՝ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով․ - «Միջազգային նորմերի նման խախտումը կարող է վնասել նաև խնդրի կարգավորման բանակցային գործընթացը»։
Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստում ձայների 98 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը, որով Հայաստանը 200 միլիոն դոլարի արտահանման վարկ է ստանալու՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար: