Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն․ «Պուտինը բարդ անձնավորություն է»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, սեպտեմբեր, 2012թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, սեպտեմբեր, 2012թ․

ԱՄՆ նախկին առաջին տիկինը և նախկին պետքարտուղարը չի կարծում, թե Ռուսաստանի նախագահի հետ հաստատուն շփումները այլընտրանք ունեն:

Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում Վաշինգտոնը պետք է «ավելի խելամիտ գործելաոճ որդեգրի»: Այս մասին երեկ Նյու Հեմփշիր նահանգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն դառնալուն հավակնող նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Պուտինը բարդ անձնավորություն է: Ես շփվել եմ նրա հետ: Ես ճանաչում եմ նրա: Սակայն ես չեմ կարծում, որ հաստատուն շփումները այլընտրանք ունեն: Միևնույն է, մենք պետք է փորձենք ընդհանուր եզրեր գտնել անգամ այն գործիչների հետ, ովքեր բացարձակապես այլ աշխարհընկալում ունեն», - ասում էր Քլինթոնը:

Նրա խոսքով` կարիք չկա, որպեսզի Միացյալ Նահանգները շատ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հակամարտությունների մեջ:

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց եթե Ղրիմի բռնակցման պահին Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ լիներ, Միացյալ Նահանգները ստիպված կլիներ միջամտել: Մենք, սակայն, չենք ցանկանում, որ գործը դրան հասնի», - նշում էր Հիլարի Քլինթոնը, ում նախընտրական արշավի հիմնական շեշտադրումները հենց արտաքին քաղաքական խնդիրներին են վերաբերում:

Չնայած Քլինթոնը հանդես է գալիս կառուցողական արտաքին քաղաքականություն վարելու և տարակարծությունները բանակցությունների միջոցով լուծելու օգտին, այնուհանդերձ, նա ընդունում է` երբեմն պաշտոնական Վաշինգտոնը միջազգային ասպարեզում բավական լուրջ խնդիրների է բախվում:

«Ես կարծում եմ, որ աշխարհում շատ ավելի հնարավորություններ կան Միացյալ Նահանգների համար, քան վտանգներ ու սպառնալիքներ: Դրա հետ մեկտեղ, սպառնալիքների առկայությունն անտեսել ևս չենք կարող, ուստի հարկավոր է պատրաստ լինել դրանց առերեսվելուն: Օրինակ, երբ Վլադիմիր Պուտինը ագրեսիվ քաղաքականություն է իրագործում, սպառնում է հարևաններին, փորձում վերագծել Եվրոպայի սահմանները, դա իրոք խնդիր է մեզ համար, և մենք ՆԱՏՕ-ի շրջանակներում հստակ պարտավորություններ ունենք` պաշտպանել մեր դաշնակիցներին», - հայտարարում էր Քլինթոնը:

Նախկին առաջին տիկինը և նախկին պետքարտուղարը, ի դեպ վերջին հարցումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն կլինի 2016 թվականի նախագահական ընտրություններում: Մոտ մեկ ամիս առաջ CNN հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցումը վկայում էր, որ Դեմոկրատական կուսակցությանն աջակցող ամերիկացիների 60 տոկոսը նախնական ընտրությունների` փրայմերիզի ընթացքում պատրաստ է քվեարկել Քլիթոնի օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG