Մատչելիության հղումներ

Երևանում ուժի կիրառման հավանականությունը լիովին բացառել պետք չէ․ Վադիմ Դուբնով


Վադիմ Դուբնով, արխիվ
Վադիմ Դուբնով, արխիվ

Մոսկվացի վերլուծաբանի գնահատմամբ, թեև ուժի կիրառումը հակասում է քաղաքական տրամաբանությանը, այնուհանդերձ դա լիովին հավանական տարբերակ է:

Եթե Հայաստանի իշխանությունները ուժ կիրառեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների նկատմամբ, իրադարձությունների հետագա զարգացումը անկանխատեսելի ընթացք կստանա, ասում է հարավկովկասյան խնդիրներով զբաղվող ռուսաստանցի ամենահայտնի վերլուծաբաններից մեկը՝ Վադիմ Դուբնովը:

«Ես կարծում եմ՝ իշխանություններն ակնկալում են, որ բողոքի ակցիաների մասնակիցների շրջանում պառակտումը կխորանա: Մի կողմից՝ չափավոր թևի ներկայացուցիչները մտածում են, որ բյուջետային մուտքերն առանց այդ էլ գողացվում են, ուստի գոնե այդ գումարների հաշվին թող իրականացվի սակագնի սուբսիդավորումը: Մյուս թևի համար էլ կարևոր են սկզբունքները, սակայն պարզ չէ, թե նրանք ինչ ուժերով կշարունակեն պայքարը», - նշում է մոսկվացի վերլուծաբանը` հավելելով, որ այս համեմատաբար խաղաղ սցենարը կարող է հօդս ցնդել, եթե իշխանությունը սխալներ կատարի:

«Բանն այն է, որ ուժ կիրառելու պատրաստակամության և այդ պատրաստակամության նմանակման միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Մարդկանց նյարդերը երկաթից չեն՝ մեկ փոքր կայծ՝ և կիրակի օրն ինչ ասես կարող էր պատահել», - նշում է Վադիմ Դուբնովը:

Մոսկվացի վերլուծաբանի կարծիքով, այժմ էլ Երևանում ուժի կիրառման հավանականությունը լիովին բացառել պետք չէ:

«Թեև դա հակասում է քաղաքական տրամաբանությանը, այնուհանդերձ, լիովին հավանական տարբերակ է: Այդ դեպքում իրադարձությունների հետագա զարգացումը անկանխատեսելի կլինի», - նշում է Դուբնովը:

XS
SM
MD
LG