«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այս պահին քննարկում է ընդունել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը, թե ոչ: Վերջին օրերին առաջին անգամ ողջ կազմով հրավիրված ասուլիսում շարժումը պնդեց՝ հանդիպման պայմանը մնում է ուժի մեջ:
«Այսօր եթե ինքը նորից շարունակելու է ուղղակի ակտիվիստներին հրավիրել հանդիպման, մենք հանդիպելու ոչինչ չունենք, մենք մեր պահանջը հստակ դրել ենք: Վերջապես հասկանանք, եթե աուդիտ, ապա մեր դերը ո՞րն է էնտեղ, արդյոք էդ լեգիտիմությունը ապահովելու համար է, թե՞ ռեալ տեսնենք խնդիրը և բարձրաձայնենք», - ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Նախաձեռնության անդամները ևս մեկ անգամ պնդեցին՝ նախագահի առաջարկած լուծումն իրենց չի բավարարում, այդուամենայնիվ, անընդհատ Բաղրամյան պողոտան փակ պահելով ևս հարցի լուծում չեն տեսնում: Կշարունակեն պայքարել, և եթե աուդիտի արդյունքները չգոհացնեն, խոստանում են կրկին փողոց փակել:
«Կարծիքները շատ են, որ մենք բավարարված ենք Սերժ Սարգսյանի հայտարարությամբ: Չկա տենց բան: Աստված չանի իշխանությունները վերածեն իմիտացիայի, խաբեություն տեղի ունենան, որովհետև արդեն ոչ թե միայն Բաղրամյանը, այլ շատ հանրավոր է շատ այլ փողոցներ մի երեք-չորս տեղից փակենք», - ասաց նախաձեռնության անդամների մեկը:
Բաղրամյան պողոտայից ցուցարարների մի մասին «Ազատության» հրապարակ տեղափոխելով՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է, թե առայժմ հրաժարվում է նստացույցից․ կպայքարեն նոր ռազմավարությամբ, ձևավորվում են աշխատանքային խմբեր, որոնք, հնարավոր է՝ նախագահի առաջարկով մասնակցեն աուդիտորական աշխատանքներին:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները կլինեն Բաղրամյան պողոտայում, սակայն որպես շարքային քաղաքացիներ: Այլևս հարթակում չեն լինի, նախաձեռնությունն իրենց ձեռքը չեն վերցնի: