Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է․- «Բաղրամյան պողոտայում այսօր հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը»։ Վարչապետի տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ ուժերն առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ «անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ»:
Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում ասել է, որ հեռախոսով զրուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ․- «Խնդրել և աղաչել եմ Վլադիմիր Գասպարյանին, որ ժողովրդի նկատմամբ բռնություն չգործադրեն»։
«Ո՛չ թալանին»-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում շարունակում են կոչ անել Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին միանալ իրենց։
«Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Քոչարյանը «Ազատության» եթերում հայտարարեց, որ նախաձեռնության անդամների մի մասն են Ազատության հրապարակ գնացել՝ նրանց հետ, ովքեր վախեցել են մնալ Բաղրամյան պողոտայում, իսկ մյուս մասը մնացել են Բաղրամյան պողոտայում։ Սակայն, ըստ նրա, ինչ-որ նոր ձևավորված խումբ, որի անդամները հունիսի 23-ի իրադարձությունների ժամանակ չեն էլ եղել նախաձեռնությունում, օգտվել է առիթից ու խեղաթյուրված ներկայացնելով իրականությունը՝ գլխավորել է Բաղրամյան պողոտայում մնացող ցուցարարներին։