ԱՄՆ-ի դեսպանատունը, անդրադառնալով այս պահին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․- «Մտահոգված ենք լարված իրավիճակով։ Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել»։
Ըստ «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչների կոչով Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարներից մեկի՝ ներկայումս Բաղրամյան պողոտայում մնացող ցուցարարներին առաջնորդողները իրենց անհայտ անձինք են, որոնք որևէ լուրջ դերակատարում չեն ունեցել շարժման մեջ, սակայն ինչ-որ պահի ինչ-ինչ հանգամանքներից օգտվելով՝ գլխավորել են ցուցարարների այդ հատվածը։ Այդ մասին նա ասաց «Ազատության» հետ զրույցում։
Երևանի ոստիկանապետը վստահեցնում է՝ քաղաքացիներին ոչինչ չի սպառնում։ Ազատության հրապարակում «Ազատության» հետ զրույցում Աշոտ Կարապետյանը նաև ընդգծեց, որ միայն թե չպետք է փակել պողոտան՝ դրանով իսկ սահմանափակելով այլոց իրավունքները։ Ի պատասխան «Ազատության» հարցի՝ նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Բաղրամյան պողոտայում հնարավոր ոստիկանական գործողության դեպքում ցուցարարները կարող են տեղափոխվել Ազատության հրապարակ և ակցիան շարունակել այնտեղ, Կարապետյանը արձագանքեց՝ «իհարկե»։
Օսիպյանը վստահեցնում է, որ առայժմ որևէ գործողություն ոստիկանությունը մտադիր չէ իրականացնել։