Այսօր լրանում է Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների պահանջի վերջնաժամկետը. նրանք ասում են, որ կսպասեն մինչև ժամը 18։00-ը, և եթե իշխանություններն իրենց պահանջը չբավարարեն, ժամը 19։00-ին կշարժվեն դեպի Բաղրամյան 26՝ Հայաստանի նախագահի նստավայր։
Ցուցարարներն Ազատության հրապարակում են ուրբաթ օվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։
Հիշեցնենք՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։
«Մենք 19։00-ից կշարժվենք Բաղրամյան 26 և պատասխանը կփորձենք տեղում ստանալ։ Մեր պահանջը որոշման կասեցումն է։ Նախագահն է պատասխանատու, քանի որ ինքն է նշանակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ուրեմն՝ այդ հանձնաժողովը վատ է աշխատում, և որոշում է կայացվել, որ պետք է հոսանքը թանկանա մոտ յոթ դրամով, որը մենք չենք ընդունում, և ժողովուրդը չի ընդունում այդ որոշումը: Հայաստանում առաջնայինը ժողովրդի որոշումն է, մենք պահանջելու ենք, որ ինքը հարգի մեր որոշումը, կասեցնի, թե ոնց կանի՝ դա իր խնդիրն է», - ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Չիբուխչյանը։