Մատչելիության հղումներ

«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել»․ Օբաման արձագանքում է Չարլսթոնի ողբերգությանը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Չարլսթոնի իրադարձությունների կապակցությամբ, Վաշինգտոն, 18-ը հունիսի, 2015թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Չարլսթոնի իրադարձությունների կապակցությամբ, Վաշինգտոն, 18-ը հունիսի, 2015թ․

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի աֆրոամերիկացիների «Իմանուել» մեթոդիստական եկեղեցում ամենշաբաթյա աղոթքի ժամանակ ներս է մտել մի երիտասարդ սպիտակամորթ տղամարդ և կրակ բացել: Չարլսթոնի ոստիկանապետ Գրեգ Մուլլենի խոսքով՝ տեղում զոհվել է 8 մարդ, ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխելուց հետո:

Չարլսթոնի քաղաքապետ Ջոզեֆ Ռիլին վայրագ այդ հարձակումը բնութագրել է որպես «ցնցող ողբերգություն»:

«Աղոթքի ժամանակ մարդկանց գնդակահարելու միակ դրդապատճառը ատելությունն էր: Ավելի ստոր արարք դժվար է պատկերացնել», - ասել է քաղաքապետը:

Զոհվածների շարքում եկեղեցու հովիվ Քլեմենթա Փինքնին է, ով նաև Հարավային Կարոլինայի նահանգային սենատոր էր:

«Մենք չունենք շատ հարցերի պատասխաններ: Միայն գիտենք, որ մի սպիտակ մարդ մտել է աֆրոամերիկյան եկեղեցի և կրակ բացել մարդկանց վրա աղոթքի և Աստվածաշունչ ընթերցելու ժամանակ: Դա անընդունելի է», - ասում է Չարլսթոնի բնակիչներից մեկը:

Ռումբի սպառնալիքի պատճառով ոստիկանությունը ստիպված էր մարդկանց տարհանել եկեղեցու տարածքից:

Ողբերգության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ում կարծիքով՝ անհրաժեշտ է ԱՄՆ-ում խստացնել զենքի ձեռքբերման վերահսկումը:

«Անմեղ մարդիկ զոհվեցին, քանի որ անձը, որը ցանկանում էր նրանց վնաս հասցնել, առանց որևէ խոչընդոտի զենք ձեռք բերելու հնարավորություն է ունեցել: Մենք, որպես երկիր, պետք է մի պահ գիտակցենք, որ նման զանգվածային բռնության դեպքեր այլ զարգացած երկրներում նման հաճախականությամբ տեղի չեն ունենում: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

«Իմանուել» եկեղեցին Միացյալ Նահանգների հարավային շրջանի ամենահին աֆրոամերիկյան եկեղեցիներից մեկն է: Այնտեղ այցելել են հանրահայտ քաղաքացիական իրավունքների ջատագովներ, այդ թվում՝ Մարտին Լյութեր Քինգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG